Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. Սիդորով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. Սիդորով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

«Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Անատոլի Սիդորովը հիշեցրեց նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին:

2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծին լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում