Ձգտումների, նպատակասլացության և էներգիայի համադրումը բերել է հաղթանակի. Արման Փաշիկյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի այս տարվա առաջնությունն անսպասելի մեկնարկով հետաքրքիր ավարտ ունեցավ: Երբ մասնագետները հավասար պայքար էին կանխատեսում, չէին էլ կարող ենթադրել, որ 31-ամյա Փաշիկյանը աչքի կընկնի կայուն խաղով և գեղեցիկ պարտիաներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փաշիկյանն անդրադարձավ շախմատային իր ուղուն, անցած ճանապարհին և խոսեց սերունդների պայքարի մասին:

-Ինչպե՞ս սկսեցիք շախմատով հետաքրքրվել…

-Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 5 տարեկանում մայրս ինձ ծանոթացրեց շախմատի հետ` սովորեցնելով քայլերը: Ստացվում էր այնպես, որ ծնողներս աշխատանքի էին լինում, իսկ քույրո ու եղբայրս՝ դասի, և ես ինքս ինձ հետ շախմատ էի խաղում: Հետո շատ սիրեցի շախմատը և սկսեցի խաղալ ծնողներիս, քույրիկիս և եղբորս հետ: Միայն 7 տարեկանից սկսեցի շախմատի խմբակ հաճախել: Ընտանիքում շախմատիստ չունեինք, բայց պապիկս էլ շատ լավ խաղում էր:

-Ձեզնից 10 տարի պահանջվեց որպեսզի նորից դառնաք Հայաստանի չեմպիոն: Ինչո՞ւ այսքան երկար…

-Առաջնությունը շատ հավասար պայքարում անցավ: Պատահականություն չէր, որ այս տարվա առաջնությանը մասնակցում էր Հայաստանի 5 չեմպիոն, նաև պատահականություն չէ, որ մյուսները հաճախակի չեն կարողանում նվաճել այդ տիտղոսը: Տարեցտարի ներքին առաջնությունն ուժեղանում է:

-Արման, դուք 31 տարեկան եք: Երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեցիք հավաքած փորձի, թե մրցակիցներին լավ իմանալու շնորհիվ:

-Եթե համեմատական անցկացնենք իմ 10 տարի առաջվա խաղի հետ, ապա այն ժամանակ ես այլ էներգիայով և նպատակասլացությամբ էի: Նույնիսկ ձգտումներս այլ էին: Բայց ձգտումների, նպատակասլացության և Էներգիայի համադրումը բերել է փորձի, որը ևս օգնեց:

-Կարելի՞ է ասել, որ այս առաջնությունում ծավալվեց սերունդների պայքար:

-Մենք առավել մոտ ենք մեզնից ավելի կրտսեր սերնդին, քան 2002-2003 թվականների առաջնությունում մեզնից առավել ավագ սերունդը: Մեզ հետ մրցում էին Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը: Հիմա ավելի երիտասարդ առաջնություն ունենք:

-Ո՞րն էր, ըստ ձեզ, առաջնության ընթացքը բեկած պարտիան:

-Որպես այդպիսին մեկը չէ: Ստացվեց այնպես, որ հենց մեկնարկից առաջատար դարձա: Բայց կարևոր պահ էր, երբ Տիգրան Պետրոսյանը երկու անընդմեջ պարտություն կրեց և 1,5 միավորի առավելություն ստացա 2-րդ տեղում ընթացողներից:

-Արդյո՞ք 9 տուրերն առանց ընդմիջման հոգնածություն չեն առաջացնում:

-Այո, ես միշտ այդ հոգնածության խնդիրն ունեցել եմ: Լինում են շախմատիստներ, որ շատ չեն հոգնում, բայց ես հակառակը: Գուցե տարիների հետ ավելի դժվար է առանց ընդմիջման խաղալը, բայց լինում է այնպես, որ ընդմիջման օրերին էլ չես կարողանում հանգստանալ: Սակայն երբ սկսում ես պայքարել առաջին տեղի համար, միշտ էլ ուժեր գտնում ես:

-Արման, շախմատը Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում և մենք քիչ հաջողությունների չենք հասնելու: Ինչո՞ւ:

-Կարծում եմ, ամեն ինչ սկսեց Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալուց: Հետագայում էլ Լևոն Արոնյանի հաջողությունները, թիմային հաղթանակներն Օլիմպիադաներում իրենց նպաստը բերեցին մարզաձևի մասսայականցմանը: Նաև այն էր կարևոր, որ ժամանակին շախմատը պետական մեծ աջակցություն էր ստանում:

-Մի հարց, որը միշտ արդիական է. շախմատը սպորտ է, թե գիտություն:

-Ավելի շատ սպորտ է: Ամեն դեպքում մրցակցություն կա: Սակայն պատահական չէ, որ նմանեցնում են գիտությանը: Բայց շախմատում նաև մեծ դեր է խաղում հոգեբանությունը, ֆիզիկական պատրաստվածությունը:

-Ում եք համարում շախմատի պատմության մեջ մեծագույն շախմատիստին:

-Ամեն ժամանակ իր մեծերն ունեցել է, սակայն խնդիրը նրանում է, որ գուցե հակառակորդները բավական ուժեղ չէին: Բայց այժմ շախմատիստներն ավելի ուժեղ են, մրցակցությունն` առավել: Սակայն սիրում եմ ուսումնասիրել Կասպարովի, Կրամնիկի, Կապաբլանկայի, Ալյոխինի, Բոտվինիկի, Կարպովի խաղաոճը: Բոլորից էլ ինչ-որ բան սովորել եմ:

-Ինչպիսի շախմատային փիլիսոփայություն ունեք դուք:

-Ժամանակին սիրում էի հարձակվողական շախմատ, բայց դա էլ ժամանակի ընթացքում փոխվում է: Ես ինձ համարում եմ ակտիվ դիրքային խաղացող: Ամեն դեպքում փորձում եմ լինել բազմակողմանի: Հատկապես շատ եմ աշխատել սկզբնախաղերի վրա:

-Արման, դուք ամուսնացած եք գրոսմայստեր Մարի Կուրսովայի հետ. ստացվում է այնպես, որ տանը շախմատը առկա է, աշխատանքն էլ է շախմատով: Օգնում է, թե` ոչ…

-Տանը շախմատով չենք հետաքրքրվում: Ես ավելի շատ Մարիային օգնում եմ իմ խորհուրդներով: Բայց այնպես չէ, որ ամբողջ օրը շախմատով ենք զբաղված: Հազվագույտ է լինում, որ միասին շախմատ խաղանք:

-Արդյոք ձեր երեխաները հետաքրքրված են շախմատով, և դուք ցանկանո՞ւմ եք տեսնել նրանց շախմատային ոլորտում:

-Ոչ, այդպես չեն զբաղվում: Փոքր տղաս 2 տարեկան է, իսկ մեծ տղաս` 6: Մեծ տղաս քայլերը գիտի, բայց չի ուզում մարզումների հաճախել: Կուզենայի, որ զբաղվեր նրանով, ինչով ուզում է:

-Շախմատիստների մեծամասնությունը սնահավատ է, միշտ գրում են նույն գրիչով կամ նախընտրում են նույն շապիկը կրել, որով հաղթել են, իսկ դո՞ւք:

-Չէի ասի, թե սնահավատ եմ: Փոքր տարիքում հավատում էի, սակայն հիմա ուշադրություն չեմ դարձնում:

-Ինչո՞ւ որոշեցիք անցնել մարզչական աշխատանքի:

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փոքր տարիքում Լևոն Արոնյանի հետ կիսվում էինք սկզբնախաղերի գաղափարներով: Երբ ակտիվ խաղում էի, հիմնականում մերժում էի մարզիչ աշխատելու առաջարկները, սակայն եկավ մի պահ, երբ սկսեցի բավականին հաջող վարձատրվել: Եվ հենց այդպես էլ սկսվեց:

-Ստացվեց այնպես, որ Հայաստանի այս տարվա առաջնության ընթացքում խաղացիք նաև ձեր սաների հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Մի քիչ հոգեբանական դժվարություն կա, սակայն հենց սկզբից պայմանավորվածություն ունենք, որ միմյանց դեմ չենք օգտագործելու մեր սկզբնախաղերը: Դժվարությունը հենց սկզբնախաղ ընտրելու մեջ է, երբ չես կողմնորոշվում ինչպես խաղալ:

-Ինչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Դեռևս հստակ չեմ կողոմնորոշվել: Կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը:

-Մի քանի բլից հարցեր. Ֆիշեր, թե Կարլսեն:

-Կարլսեն:

-Թենիս, թե ֆուտբոլ:

-Ֆուտբոլ:

-Թագուհի, թե ձի:

-Ձի:

-Շնորհակալ եմ և նորանոր ձեռքբերումներ Ձեզ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն