Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը 2024 թվականի առաջնությունը գերլարված համարեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի առաջնության նորընծա չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ամբողջ առաջնության ընթացքը լարված որակեց:
«Ինչպես միշտ, այս տարի ևս Հայաստանի առաջնությունը շատ լարված ստացվեց: Լարվածությունն առկա էր մինչև վերջին տուրը: Ինձ համար անհաջող ընթացք ունեցավ նախավերջին տուրի պարտիան, բայց ինձ հաջողվեց պարտված դրությունում հասնել ոչ-ոքի արդյունքի: Կապահովեի չեմպիոնությունը վաղաժամ, եթե հաղթեի 8-րդ տուրում: Բայց որոշիչ եղավ վերջին տուրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Գաբոյանն ընդգծեց, որ տարվա կարևորագույն մրցաշարերից մեկը Օլիմպիադան է, որին կմասնակցի հավաքականի կազմում:
Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ տեղում Մարիամ Ավետիսյանն է, իսկ Միլենա Գասպարյանը երրորդն է:
Կանանց չեմպիոնը կարժանանա կես միլիոն դրամի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 300 հազար դրամի, իսկ բրոնզե մեդալակիրը` 200 հազար դրամի: