Սպորտ

Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի

2 րոպեի ընթերցում

Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի

Արգենտինայում հաջորդ տուրի տղամարդկանց և կանանց ֆուտբոլային բոլոր մրցաշարերի խաղերը կընդհատվեն 10-րդ րոպեին՝ ի նշան Լիոնել Մեսիի նկատմամբ հարգանքի, որն օրերս հայտարարել էր Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, որ բոլոր հանդիպումները կընդհատվեն առաջին խաղակեսի ուղիղ 10-րդ րոպեին (ի պատիվ Մեսսիի խորհրդանշական 10 համարի մարզաշապիկի)։ Խաղը կանգնեցվելու է մեկ րոպեով, որպեսզի ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները բուռն ծափահարություններով պատվեն Մեսիին։

Որոշումը վերաբերում է երկրի ներսում անցկացվող բոլոր պաշտոնական խաղերին։ Այն կներառի տղամարդկանց և կանանց բոլոր լիգաները, ինչպես նաև ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի առաջնությունները։ 

Մեսին Արգենտինայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2005 թվականին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։ Հետագա տարիներին նա դարձավ հավաքականի առաջատարն ու ավագը, ինչպես նաև Արգենտինայի պատմության լավագույն ռմբարկուն և ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Նա Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է հինգ խոշոր տիտղոս մեծահասակների մակարդակում՝ երկու Կոպա Ամերիկա, Ֆինալիսիմա, աշխարհի առաջնություն և օլիմպիական ոսկի։ Մեսսին մասնակցել է աշխարհի վեց առաջնությունների՝ 2006, 2010, 2014, 2018, 2022 և 2026 թվականներին։ Նա աշխարհի առաջնություններում Արգենտինայի ռեկորդակիրն է՝ անցկացրած 34 հանդիպմամբ և հեղինակած 21 գոլով։ Նա նաև միակ ֆուտբոլիստն է, որը աշխարհի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը նվաճել է երկու անգամ՝ 2014 և 2022 թվականներին։

Լիոնել Մեսին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 207 խաղի՝ դառնալով 125 գոլի հեղինակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում