Տնտեսություն

Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը ներքաղաքական փոփոխություններից հետո անգամ պահպանվել է. «Ֆիչ Ռեյթինգս»

4 րոպեի ընթերցում

Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը ներքաղաքական փոփոխություններից հետո անգամ պահպանվել է. «Ֆիչ Ռեյթինգս»

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս»-ը Հայաստանի համար բավականին դրական կանխատեսումներ է անում: Հայաստանի ֆինանսական և տնտեսական համակարգը եղել է բավականին կայուն նույնիսկ քաղաքական անհստակության պայմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում կայացած համաժողովին ասաց «Ֆիչ Ռեյթինգս»-ի սուվերեն վարկանիշների վարչության պետ Էրիկ Արիսպեն:

«Հայաստանի ֆինանսական և տնտեսական համակարգը եղել է բավականին կայուն նույնիսկ քաղաքական անհստակության վիճակում: Հայաստանի տոկունությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ունեցած քաղաքական անցումը, ունենալով տարբեր դրսևորումներ, հնարավորություն տվեց, որ կառուցվածքը շարունակի իր աշխատանքը պատշաճ կերպով: Ինստիտուցիոնալ իմաստով հնարավոր եղավ ապահովել այդ անցումը: Եվ կարելի է ասել, որ այդ անցումն ավարտվեց նախորդ կիրակի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Մենք բավականին դրական կանխատեսումներ ունենք: 2017-ին մենք արդեն իսկ տվել ենք այդ դրական գնահատումը և վերջերս՝ նոյեմբերի 30-ին վերահաստատել ենք, որ Հայաստանի համար հեռանկարը շարունակում է մնալ դրական»,-ասաց Արսիպեն:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ուժը կառուցվածքային գործոնների մեջ է: Հայաստանը ոչ միայն ունի բարձր ՀՆԱ՝ մեկ շնչի հաշվով, այլ նաև կայուն և ավելի բարձր կառուցվածքային տոկունություն, եթե գնահատենք Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ: Եվ «Ֆիչ Ռեյթինգս»-ը փորձել է դիտարկել այդ ինստիտուցիոնալ ուժը։ Ինչպես նաև փորձել են տեսնել, թե որոշ մարտահրավերներ և քաղաքական ցնցումներ ինչպես են կլանվել համակարգի կողմից: «Եվ համադրելի պետությունների հետ համեմատած Հայաստանի համար վարկերի մեծ մասի դեպքում տեսնում ենք, որ դրանք ավելի ցածր են, քան եղել են 2017-ի վերջին: Սա վերաբերում է նաև վարկունակությանը: Կա նաև բավականին լուրջ օտարերկրյա ֆինանսավորում, ինչպես նաև վարկային միջոցներ։ Ֆիսկալ ռազմավարությունը 2018-ին սկսել է տալ թվեր: 2017-ին դեֆիցիտն ավելի շատ էր, քան բյուջետավորված էր: Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել կոնսոլիդացիան, դա անելու համար կա ռազմավարություն»,-նշեց Արիսպեն:

Նա նշեց, որ պետք է նվազեցնել օտարերկրյա արտարժույթներով պարտքի ծավալներն ընդհանուր պետական պարտքում: Արիսպեն ներկայացրեց նաև իրենց ակնկալիքները դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո: Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ այս էական փոփոխություններից հետո մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը պահպանվել է: «Սա հանդիսանում է կարևորագույն գործոն, քանի որ այն ցույց է տալիս, որ իշխանությունները ապահովել են արժանահավատություն բանկային և ֆինանսական համակարգի հանդեպ: Եվ դա ապահովել է տնտեսական կայունությունը»-նշեց Արիսպեն:

Նա նաև նկատեց, որ կառավարության քաղաքական օրակարգից, փոփոխությունների իրականացման հաջորդականությունից է կախված, թե իրենք ինչպես կփոխեն իրենց կանխատեսումները: Արիսպեն նշեց, որ ակնկալում են՝ 2019-2020 թթ Հայաստանը կկարողանա սահուն կերպով պահպանել ինֆլյացիոն թիրախների կայունությունը:

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունն այս տարվա հունիսին վերահաստատել էր Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ: Աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում