Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ձեր հայրենասյուն գործերի հաջողության համար: Գիտենք, անշուշտ, որ Ձեր օրակարգը շատ ծանրաբեռնված է, բայց այս հանդիպումն էլ անհրաժեշտություն է, որպեսզի մեր եկեղեցուն, մեր ազգային կյանքը հուզող մի շարք հարցերի մասին կարողանանք Ձեզ հետ քննարկումներ ունենալ և նաև ստանալ մեր եկեղեցուն հուզող հարցերին առչնվող լուծումներ: Անշուշտ, գիտենք, որ երկրի առջև բազում մարտահրավերներ կան, և կարևոր իրադարձություններ նաև առջևում են՝ Ազգային ժողովի ընտրությունները: Մեր ցանկությունն է և մեր մաղթանքը, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն մեր ժողովրդի, մեր երկրի բարի անվան և բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն մեր երկրի առաջընթացին: Կրկին մեր լավագույն բարեմաղթանքները Ձեզ և բարի գալուստ Սուրբ Էջմիածին»:

Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա առաջին հանդիպումը չէ, նախկինում էլ բազմիցս հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և քննարկումներ ունեցել, այդ թվում նաև՝ ապրիլ-մայիս ամիսներին: «Ինձ համար շատ կարևոր են այդ քննարկումները և ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի հետ: Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել: Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, և ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և վստահաբար դեռ շատ անգամ կլինի. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իմ և իմ ընտանիքի կյանքում: Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»:

«Սուրբ Էջմիածին այցելությամբ՝ Ձեր աղոթքն եք բարձրացնում առ Աստված և զորանում Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու, Ձեր տեսիլքները կյանքի կոչելու առումով», - նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություներին՝ նա նշել է, որ առկա է որոշակի վստահություն և լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան և՛ քաղաքապետի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Մեր մաղթանքն է և մեր աղոթքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան այդպիսի ընթացքով և նպաստեն ազգային միասնության զորացմանը, մեր ժողովրդի համախումբ ջանքերով մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում