Քաղաքականություն

ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը, համաձայն որի չի առաջադրելու վարչապետի թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Նախքան դա Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել էր հուշագիր: Այդ հուշագրի համաձայն` ԲՀԿ-ն պետք է սատարեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին, նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չպետք է առաջադրեր վարչապետի թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում