Քաղաքականություն

Հայ ժողովրդի ներուժը պետք է ներգրավվել Հայաստանի զարգացման գործում. Վարչապետն անդրադարձավ Հունան Պողոսյանի նշանակմանը

4 րոպեի ընթերցում

Հայ ժողովրդի ներուժը պետք է ներգրավվել Հայաստանի զարգացման գործում. Վարչապետն անդրադարձավ Հունան Պողոսյանի նշանակմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման կապակցությամբ:

«Գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը՝ նախորդ կառավարության կամ նախորդ իշխանության տարիներին: Որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ պարզաբանումներ ներկայացնել: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասացի, ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը: Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, որ արտահերթ ընտրություններից հետո կարևոր է լինելու ավարտված համարել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և Հայ ժողովրդի ներուժը ներգրավվել Հայաստանի զարգացման գործում: Այս իմաստով, կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքը ՀՀ-ում ավարտված չհամարի: Այս տրամաբանության մեջ մենք չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների նրա համար, որ պաշտոնավարել են, առնչություն են ունեցել նախկին կառավարությունների հետ: Այսօր էլ կառավարությունում կան մարդիկ, ովքեր նման առնչություն ունեցել են: Եկել է համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և ապամոնտաժելու ժամանակը և մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ զբաղված լինելով մեր օրակարգը սպասարկելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, նա նշեց, որ այս տրամաբանությունը չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ և դա վերաբերում է բոլորին: Սա չի նշանակում, որ փակում ենք օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունը: Այսօր էլ կառավարման համակարգի 90 տոկոսը նույնն է, ինչ նախկինում և մեր եզրակացությունն այն չէ, որ այդ մարդկանց պետք է հանել և նորերին բերել, բայց նաև այն չէ, որ պետք է թողնել անձեռնմխելի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որը ցանկություն չունի աշխատել: Ըստ նրա, ակնհայտորեն կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տվող երևույթներ:

«Այսօրվա երեք մարզպետների նշանակումը խորհրդանշական եմ համարում, նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների մյուս կողմում էր, երրորդ մարզպետը՝ պարոն Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է: Այս առումով, ուրվագծում ենք նաև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզնից որևէ մեկը և որևէ քաղաքացի ՀՀ-ում անձեռնմխելի չէ, մեզնից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը չի կարող մեկնաբանվել որպես առավելություն, թերություն կամ խոցելիություն օրենքի առաջ: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու մեր ներուժը և այն ծառայեցնելու մեր պետության ապագային»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշումներով Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում