Մշակույթ

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոմերով երթով հարգանքի տուրք մատուցեցին Երևանում

3 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոմերով երթով հարգանքի տուրք մատուցեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ իրականացրեցին դեպի «Ազնավուր» կենտրոն:

Երթին մասնակցեց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս է այդ տարիքի մարդն այդքան կենսախինդ ու ինչպե՞ս է այդքան լավ երգում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Դերասանուհին հավելեց, որ շատ կցանկանար` Ազնավուրն ապրեր հարյուր տարի և երգեր բեմում: «Այդ դեպքում Շառլը կլիներ մոլորակի միակ մարդը, ով հարյուր տարեկանում բեմում է: Նա մնաց 94-ամյա միակ մարդը, ով մինչև վերջ երգեց և լքեց մեզ ոչ թե ծերությունից, այլ պարզապես հեռացավ: Հանճարը երբեք չի ծերանում: Հանճարը տարիք չունի. ուղղակի, ափսո՜ս»,- հուզված ասաց դերասանուհին:

Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով` աշխարհը լքեց մի մեծ բարոյական ուժ: «Շառլ Ազնավուրը հեղինակություն էր բոլոր առումներով` արվեստում, մարդկային հարաբերություններում, քաղաքացիական կեցվածքով, արժանապատիվ կյանքով: Ամբողջ կյանքում չվարկաբեկվեց, մնաց գագաթների վրա և տեսեք, թե ինչպես է ամբողջ մի մոլորակ ճանապարհում ոչ թե մեծ հայ մարդուն, մեծ ֆրանսիացուն, ստեղծագործողին, այլ ուղղակի մոլորակի քաղաքացուն, հանճարեղ մարդուն»,- շեշտեց նա:

Խզմալյանի բնորոշմամբ՝ Ազնավուրի մեծությունն անձևակերպելի է: «Վաղուց եմ նրա երգերը լսում՝ նրա անձից հեռացած, որովհետև նա վաղուց բռնել է հավերժի ճանապարհը և, վստահ եմ, հանճարեղ մարդու պոեզիան, երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Տխուր եմ, բայց դա պայծառ տխրություն է. երանի այն մարդուն, ով կանցնի այսպիսի մեծ ճանապարհ»,-ընդգծեց Խզմալյանը:

ԱշխարհահռչակշանսոնյեՇառլԱզնավուրըմահացելէհոկտեմբերի 1-ին 94տարեկանում:Հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացել է նրա՝ ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում