Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետն ասել է« ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը: «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել:

«Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում