Հասարակական

Արայիկ Հարությունյանը Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ քննարկել է կրթության առաջնային խնդիրները

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ քննարկել է կրթության առաջնային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։

Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնական ավարտական քննություններ անցկացնելու ԿԳ նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ նպատակը կրթության արդյունքի գնահատումն է, և այս համատեքստում իրականության հետ առերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլը, ըստ նախարարի, լինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանը միտված քայլերի իրագործումը։ Նկատի ունենալով, որ ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվա մեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալ, նախարար Ա.Հարությունյանը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքը:Դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել է տեղում և վստահեցրել, որ ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝դրանք ԿԳ նախարարությունում քննարկելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում