Հայաստանցի մասնագետները ձեռագրերի վերականգնման և պահպանման իրենց փորձը փոխանցելու են սիրիացի գործընկերներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցները Հայաստանում անցկացվող դասընթացի արդյունքում ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի պահպանման իրենց փորձը կփոխանցեն սիրիացի փորձագետներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-27 անցկացվելիք դասընթացը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

«Մեծ պատիվ է վարել դասընթաց, որում Մատենադարանի մասնագետներն իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն սիրիացի մեր քույրերին ու եղբայրներին: Սիրիան հարուստ մշակութային ժառանգություն է տվել համաշխարհային քաղաքակրթությանը: Եվ հիմա այդ երկրի մշակույթը մեծ վտանգի առաջ է կանգնած: Հայերս շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի վնաս կարող են հասցնել բարբարոսները»,-ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման գործում մեծ փորձ ունի: Դեռ վաղուց ունեցել է խումբ, որի նպատակն էր իրականացրել հնագույն մագաղաթյա ձեռագրերի կոնսերվացում՝ բացառելով քիմիական միջոցների կիրառումը: Տասնամյակների ընթացքում փոքրիկ խումբը մեծացել է՝ դառնալով մի մեծ բաժին, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Բաժինը հագեցած է ժամանակակից սարքերով:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ մագաղաթագիր և տպագիր ժառանգության պահպանության հիմնական նախապայմանն այն միջավայրն է, որտեղ նրանք գտնվում են: Իսկ այդ միջավայրի բնականոն ու պատշաճ գործունեությունն ապահովում են մասնագետները: «Իսկ Մատենադարանի մասնագետներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գիտելիքների կիրառմանը»,-նշեց Մակունցը:

Մատենադարանի աշխատակիցների կողմից անցկացվող դասընթացին մասնակցելու է ժամանել 8 սիրիացի:

Դամասկոսի ձեռագրերի պահպանության կենտրոնի ներկայացուցիչ Էվելին Ջաբուրը նշեց՝ շատ ուրախ է, որ Սիրիայի հին փաստաթղթերը պահպանել սովորելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռված: «Այստեղ եկել ենք մեր գիտելիքներն ընդլայնելու համար: Շատ ուրախ եմ, որ հայ մասնագետներից պետք է սովորենք»,-ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այս ծրագիրը եզակի համարեց: Առաջին նախագիծն է, որի շրջանակում ընդունում և փորձի փոխանակում են կատարում սիրիացի մասնագետների հետ: «Սիրիական ճգնաժամի առաջին օրվանից Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում փորձում է օժանդակել բարեկամ ժողովրդին: Սիրիացի մասնագետների համար նախատեսված այս վերապատրաստման դասընթացը դրա ևս մեկ ապացույցն է»,-ասաց Հովակիմյանը:

«Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը» համատեղ կազմակերպվել է «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի ու Ֆլանդրիայի կառավարությունների աջակցությունը ստացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը