Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հունիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից նախագահն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Կոպիրկինը Հանրապետության նախագահին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում