ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար շարունակում են հենման կետեր լինել. ՀՀ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- հայտարարեց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ընդգծվել է հայկական կողմի հստակ տրամադրվածությունը՝ զարգացնելու բազմակողմ գործընկերային փոխգործակցությունը:

«Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այդ համագործակցությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք առկա են 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ կապերը մշտապես բարեկամության, փոխըմբռնման, անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ են եղել:

«Մեր հարաբերություններում առկա ինտենսիվությունն ու խորությունն իսկապես պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար»,- հայտարարեց նա:

Մնացականյանն ընդգծեց, որ կողմերը մտադիր են ավելի խորացնել ու ընդլայնել սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում: «Այս մտադրություններն արդեն հնչել են ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, ակնկալում ենք նոր հանդիպումներ մոտ ապագայում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ՌԴ հետ հարաբերությունների կարևորությունը

Նա շնորհակալություն հայտնեց Լավրովին ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար՝ նշելով. «Սպասում ենք Ձեզ Երևանում»:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ