Հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր այս դիրքորոշումը շատերը որպես նորույթ են համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, և այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, և մինչև 1998թ. բանակցությունները շարունակվել են հենց այս ձևաչափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ 1998թ. հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: «Ճի՞շտ են արել, թե՞ սխալ, դա ուրիշ խնդիր է, բայց նրանք դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է: Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ոնց ենք վերաբերվում: Բայց նույնը չեմ կարող անել ես: Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, փոխարենն ունի իր իշխանությունը, իր Ազգային ժողովն ու կառավարությունը, իր նախագահը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ամեն անգամ, երբ բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու հարց է ներկայացվում, Ադրբեջանն ասում է, թե այդ դեպքում բանակցություններին որպես ինքնուրույն կողմ պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի այսպես ասած «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Վարչապետի խոսքով՝ իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: «Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի և որպես այդ երկրի քաղաքացի, նրանք շարունակում են մասնակցել տեղի ունեցող ընտրություններին, այդ թվում՝ նախագահական ընտրություններին: Ասել է թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ բանակցություններին մասնակցում է այդ մարդկանց տված մանդատով, այդ մարդիկ բանակցային գործընթացում արդեն իսկ ներգրավված են՝ ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նա շեշտեց, որ իր այս մոտեցումները որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը: «Ինչպես նախկինում ասել եմ, պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց մինչ այդ պարտավորված եմ զգում ամեն ինչ անել բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար: Եթե մենք բանակցում ենք խնդիրը իսկապես կարգավորելու և ոչ թե ընդամենը բանակցելու համար: Կարծում եմ, որ բանակցությունները իսկապես արդյունավետ դարձնելու համար պակաս կարևոր չէ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը: Սա էական հարց է, որովհետև մի փոքր անհարմար կլինի բանակցել նոր պայմանավորվածությունների հասնելու շուրջ, եթե նախկինները մնում են առանց իրագործման»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները