Հասարակական

CityInfo.am. անգլալեզու կայքը ներկայացնում է Երևանի լավագույն վայրերը

2 րոպեի ընթերցում

CityInfo.am. անգլալեզու կայքը ներկայացնում է Երևանի լավագույն վայրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանն այս տարի տոնում է հիմնադրման 2800-ամյակը: Այս առիթով աշնանը քաղաքում ակնկալվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասնակցելու են հազարավոր օտարերկրյա հյուրեր, զբոսաշրջիկներ:

2013 թվականից հիմնադրված www.cityinfo.am կայքը, որը նորովի է վերազինվել ու թարմացվել, այսօր ներկայանում է որպես քաղաքի լավագույն անկյունները բացահայտող յուրօրինակ գործիք ինչպես օտարերկրյա զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար: Անգլալեզու կայքը ներկայացնում է այն ամենը, ինչ քաղաքը կարող է առաջարկել իր այցելուներին՝ թանգարաններից մինչև սրճարաններ, ռեստորաններից մինչև ակումբներ, հագուստի խանութներից մինչև հյուրանոցներ:

«Կայքը գործում է բացառապես անգլերենով: Այն կարող է յուրօրինակ ուղեցույց լինել ցանկացած առիթով: www.cityinfo.am կայքի պրոֆեսիոնալ թիմը անում է լավագույնը՝ հետ չընկնելու քաղաքի ակտիվ ռիթմից ու թարմացնելու օրեցօր փոփոխվող քաղաքին առնչվող տեղեկատվությունը: Կայքում անգամ կարելի է կարդալ Երևանի պատմության ու մեր օրերում դրա կառուցվածքի մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կայքի հիմնադիր Ստեփան Քոչարյանը:

Նա նշեց, որ կայքում առկա քարտեզը թույլ կտա այցելուներին հեշտությամբ կողմնորոշվել քաղաքում տեղափոխվելիս:

Քոչարյանը հայտնեց նաև, որ մոտ ապագայում պատրաստ կլինի նաև www.cityinfo.am կայքի բջջային հավելվածը:

«Սա բացառիկ ու յուրահատուկ քաղաք է: Կարծում եմ՝ մեր կայքի կարգախոսն այս առումով շատ խոսուն է. Երևան՝ այնտեղ, որտեղ անտիկ պատմությունը հանդիպում է ժամանակակից քաղաքին»,- ասաց Ստեփան Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում