Հասարակական

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 1-ին Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ապահոված տնտեսական ցուցանիշների համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։ Նախարարն անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և նշել, որ նոր ձևավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու և ինքնաբավ համայնքներ ունենալու համար։ Նախարարը հաջողություններ և բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին և հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր հաջողությունների և նոր ծրագրերի մասին։

Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար և հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու և ավելացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում