Քաղաքականություն

«Մենք ասում ենք՝ այլևս երբեք». Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

«Մենք ասում ենք՝ այլևս երբեք». Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունըմայիսի 22-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Կիպրոսի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի և ողջ աշխարհի կողմից, ինչպես և յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչումը պատմական նշանակություն ունի՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:

«Սա է հայերի պայքարը: Մենք միշտ հայերի կողքին կլինենք ոչ միայն որպես բարեկամներ և եղբայրներ, այլև որպես պետություն: Դա մի պարտավորություն է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ողջ մարդկության, որպեսզի երբևիցե չկրկնվեն ցեղասպանություններ»,- ասաց Սիլուրիսը:

Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց.

«Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»:

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում