ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր միջազգային միջոցառում, տարատեսակ փառատոններ, հայ հանդիսատեսի համար բեմադրվող նոր, թարմ ներկայացումներ, ինչպես նաև նոր ծրագիր՝ երիտասարդ բեմադրիչների համար: «Հայաստանի թատերական գործիչների միությունն այս տարի ծրագրել է բազում անելիքներ, որոնք հերթով իրականություն են դառնալու»,- վստահեցնում է ՀԹԳՄ նախագահ, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Ծրագրերից առաջինը՝ ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ միջազգային ֆորումն այս օրերին սկսելու է իր ընթացքը, մնացածներն էլ, ինչպես ասում են, ըստ ժամանակացույցի: «Արմենպրես»լրատվական գործակալության #CultTalkմշակութային նախագծի հյուր Հակոբ Ղազանչյանը պատմում է միության գործունեության, Չապլինի դստեր ներկայացման, երիտասարդ թատերական գործիչների և այլ ծրագրերի մասին:
Միջազգային ֆորումը՝ կարևոր հարթակ և պատասխանատու միջոցառում
Դեռևս անցյալ տարվանից մի խոշոր միջոցառման վրա ենք աշխատում: Երևանում մայիսի 15-22-ը կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ միջազգային ֆորումը: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ: Հիմնական ֆինանսավորողն ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն է, միջոցառման իրականացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Աննախադեպ միջոցառում է լինելու: Երևան են ժամանելու 250 թատերական գործիչներ տարբեր երկրներից, երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ, թատերագետներ…
Նրանք կանցկացնեն կլոր սեղաններ, քննարկումներ: Ամեն երկիր մեկ ներկայացում է ցուցադրելու: Բավականին ծանր միջոցառում կլինի: Առաջին ֆորումը Քիշնևում է անցկացվել, երկրորդը՝ Մինսկում: Հիմա էլ Երևանում է լինելու: Մասնակիցները վարպետության դասեր են անցկացնելու: Բավականին պատասխանատու միջոցառում է լինելու, հույս ունեմ, որ կանցնի պատշաճ մակարդակով:
Չապլինի դստեր ներկայացումը՝ հայ հանդիսատեսի դատին
Մեր հույսը չենք կորցնում, որ աշնանը Շեքսպիրյան փառատոնը կկայանա: Բացի այդ, հոկտեմբերի սկզբին Երևան ենք հրավիրում մի ներկայացում, որը մարտին պետք է տեղի ունենար, բայց տեղափոխվել է հոկտեմբերի սկիզբ: Բեմադրել է Չարլի Չապլինի դուստրը՝ Վիկտորիա Թիերե-Չապլինը, գլխավոր դերակատարը Չապլինի թոռնուհին է՝ Աուրելիա Թիերե-Չապլինը: Ներկայացումը պայմանականորեն թարգմանված է որպես «Ղողանջներ և ցնորք»: Համաշխարհային պրեմիերան պետք է լինի հուլիսին Լոնդոնում, իսկ երկրորդ անգամ այն կներկայացվի Հայաստանում:
Ծրագիր՝ երիտասարդ բեմադրիչների համար
Երիտասարդ բեմադրիչներին վերաբերող ծրագիր ենք պատրաստում, որը նախատեսված է այն երիտասարդ բեմադրիչների համար, ովքեր վերջին 2-3 տարվա ընթացքում ավարտել են թատերական ինստիտուտը, բայց հնարավորություն չունեն որևէ տեղ լիարժեք դրսևորվել, ներկայացում բեմադրել: Մեր հանձնաժողովը 5-6 նման երիտասարդի կընտրի՝ նրանց ներկայացրած նախագծերի համաձայն, և նրանք կբեմադրեն այդ ներկայացումները: Այնուհետև այդ ներկայացումների փառատոն կկազմակերպենք:
Մտադիր ենք նաև աշնանը վերջապես հրապարակել մեր միության պատմության մասին պատմող գիրք-ալբոմ:
Ծրագրեր մարզային բնակչության համար
Ունենք տարբեր նախագծեր՝ կապված մարզերի, մարզային թատրոնների հետ: Նախորդ տարի Սյունիքում փառատոն էինք կազմակերպել: Այս տարի ևս որևէ մարզում փառատոն կկազմակերպենք, ներկայացումներ կցուցադրենք: Մարզերի բնակչությունը կտրված է թատրոնից: Նրանք, ցավոք, տեսնում են միայն այն, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ:
Թատրոնի մասին օրենքը՝ գերակա խնդիր
Մեզ համար կա մի կարևոր խնդիր, որի լուծման համար պետք է պայքարենք: Շատ ենք խոսում, բայց պետք է ավելի գործնական քայլեր արվեն: Խոսքս վերաբերում է Թատրոնի մասին օրենքի բացակայությանը: Թատրոնները գործում են ՊՈԱԿ-ների օրենքով, ինչն անթույլատրելի է: Մենք պետք է զանազանենք մշակույթի օջախները, դրանք տարբեր հիմնախնդիրներ ունեն, որոնց լուծումը ներկա օրենքը թույլ չի տալիս: Օրինակ, կարևոր է թատրոնների կառավարման խնդիրը: Այսօր գեղարվեստական ղեկավարի կարգավիճակը հավասարեցված է զրոյի, նա թատրոնում աշխատող է, որին նշանակում է տնօրենը և ցանկացած ժամանակ կարող է ազատել: Գեղարվեստական ղեկավարը թատրոնի դեմքն է, նախկինում միշտ նրան նշանակել է վերադաս մարմինը, ինչպես և տնօրենին: Դրանով գեղարվեստական ղեկավարը անկախ դեմք է եղել, բայց հիմա տնօրենը ցանկացած ժամանակ կարող է ասել՝ չեմ ուզում այս պիեսը բեմադրվի, չեմ ուզում այս դերասանին ընդունեք թատրոն և էլի շատ ու շատ առաջարկներ:
Եթե թատրոնի մասին օրենքն ընդունվի, պետք է շտկվեն նաև այդ հարցերը:
Հետաքրքիր մտածող երիտասարդներ
Միությունը 750 անդամ ունի: 30-40 տոկոսը երիտասարդներ են, և նրանք կապված են միությանը, տարբեր առիթներով դիմում են մեզ: Մենք հետաքրքիրմտածող երիտասարդներ ունենք: Մեծ մասը, սակայն, միշտ կարծում են,թե այն ամենը, ինչ իրենք են անում, գլուխգործոց է. եթե մի դիտողություն արեցիր, սկսում են բորբոքվել: Կուզենայի, որ ինքնաքննադատության զգացում ունենային: Իհարկե, կան նաև համեստ, տաղանդավոր մարդիկ, ովքեր արդարացնում են մեր սպասելիքները:
Առաջ գնալու համար արվեստագետը պետք է միշտ դժգոհ լինի ինքն իրենից:
Անձնական ծրագրեր
Մայիսի 30-ին կլինեմ Մակեդոնիայում: «Ստոբի»ամֆիթատրոնում, որը հնագույն կառույց է, մի 15 տարի առաջ ներկայացում եմ բեմադրել: Երանելի ժամանակներ էին: Այս տարի ևս այնտեղ բեմադրություն եմ անելու: Անկրկնելի վայր է, քեզնից անկախ տրվում ես գործին: Անհամբեր սպասում եմ այդ օրերին:
Վերջին անգամ Ռումինիայում ներկայացում արեցի: Արտասահմանում հաճախակի եմ ներկայացումներ անում, այնտեղ ավելի հանգիստ եմ պիեսներ բեմադրում: Հայաստանում հիմնականում միությունից դուրս զբաղվում եմ իմ դերասանական կուրսով, նրանց հետ արել և շարունակելու եմ անել բեմադրություններ:
Հ.Գ.
«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:
Նախագծի հեղինակ՝ՌոզաԳրիգորյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի