3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում վերջին ամիսների ընթացքում նկատվում է նորածին տղաների եւ աղջիկների քանակի միջեւ եղած մեծ տարբերության նվազում կամ հավասարեցում՝ հօգուտ աղջիկ երեխաների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախկինում գոյություն ունեցող այդ տարբերությունը տղա երեխաների օգտին էր՝ կապված պտղի իգական սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետ: Իսկ ահա վերջին տարիներին պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ծավալած բացատրական աշխատանքի շնորհիվ դրական եւ էական տեղաշարժ է նկատվել աղջիկ եւ տղա երեխաների ծնունդների անհամամասնությունը վերացնելու նպատակով:
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 91 տղա եւ 77 աղջիկ, փետրվարին՝ 50 տղա եւ 52 աղջիկ, մարտին՝ 46 տղա, 56 աղջիկ, ապրիլին՝ 56 տղա, 46 աղջիկ: «Մի քանի տարի առաջ, կապված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետ, մտավախություն առաջացնող տարբերություն կար տղա եւ աղջիկ երեխաների միջեւ՝ տղաների ընդգծված գերակշռությամբ: Հիմա, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերջին մեկ-երկու տարիների որոշակի ամիսների ընթացքում աղջիկների թիվը նույնիսկ սկսել է գերազանցել տղաների թվին, իսկ զիջելու դեպքում էլ տարբերությունը շատ կտրուկ չի եղել, ինչպես նախկինում էր: Նշանակում է, որ պետական մարմինների, առողջապահական հաստատությունների եւ հասարակական որոշ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքը տվել է իր արդյունքը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
2018 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 101 երեխա՝ 56 տղա, 45 աղջիկ: 45 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Գավառի, 17-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում,16-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա ապրիլի համեմատ Գեղարքունիքի բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվը նվազել է 24-ով:
Խոսրով Խլղաթյան