ՀՅԴ-ն կարևորում է Հայաստանում արտահերթ ընտրությունների ողջամիտ ժամկետներում անցկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարևորում է Հայաստանում արտահերթ ընտրությունների ողջամիտ ժամկետներում անցկացումը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրությամբ նախանշված ճանապարհով:

«Արտահերթ ընտրությունները նույնպես պետք է սահմանադրորեն նախանշված դրույթներով ընդունվեն: Այսինքն` ժամկետները պետք է լինեն ողջամիտ և պետք է կարողանանք միասին, համախոհությամբ այդ հարցը լուծել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` պետք է այնպիսի ընտրություններ կազմակերպել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:

Պատգամավորը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և նշեց, որ բովանդակային առումով իրենց խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ սկզբունքային տարբերություն չունի:

«Խոսքը վերաբերվում է Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին և ներքին քաղաքականության ուղղություններին: Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ այդ առումով գոյություն չունեն»,- ասաց Ռուստամյանը:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին
Հայերեն English