ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ է համարում վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշոտյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ, Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը:
Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարություն է տարածել, որում հայտնել է վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին: Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: Շնորհակալ եմ»,- ասված է հայտարարության մեջ: