Քաղաքականություն

Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի. ԹԱՐՄԱՑՎՈՂ

11 րոպեի ընթերցում

Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ապրիլի 20-ի առավոտյան Երևանում երթը սկսեց Գյուլբենկյան փողոցից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա խորհրդով մի խումբ անձինք իրենց ավտոմեքենաներով փակել էին ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները հատուկ քարշակի միջոցով փորձեցին մի ավտոմեքենա հեռացնել ավտոճանապարհից: Տեսնելով դա՝ Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին վազել և շրջափակել քարշակը՝ թույլ չտալով, որ ավտոմեքենան այդտեղից դուրս գա:

Արդյունքում դեպքի վայր վազեցին զգալի թվով ոստիկաններ, իրադրությունը լարվեց, սակայն որևէ բախում կողմերի միջև տեղի չունեցավ: Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին փակել ճանապարհները քաղաքի տարբեր հատվածներում:

Գյուլբենկյան եկավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հետաքրքրվեց նրանց ծրագրերի մասին: Օսիպյանը հիշեցրեց, որ հավաքի մասնակիցները պարտավոր են իրենց ծրագրերի մասին տեղյակ պահել ոստիկանությանը:

Փաշինյանը և կողմնակիցները որոշեցին Գյուլբենկյանից դուրս գալ և շարունակել քայլերթը:

18:32 -ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ հանրապետության հրապարակ:

18:13 -Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը: Շարունակում է փակ մնալ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան խաչմերուկը: Երթևեկությունը դադարեցված է Մաշտոցի պողոտայում, քանի որ հավաքի մասնակիցները քայլերթ են իրականացնում, մի խումբ անձինք փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը:

18:00 -Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 233 անձ:

17:52 -Երևանի հիվանդանոցներում ապրիլի20-ին,ժամը17։00-ի դրությամբ բուժվում է հավաքի ընթացքում տուժած5քաղաքացի։

17:45 - Ժամը 17:00-ի դրությամբ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի:

17:32 - Հավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում:

17:25 -Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ:

17:19 -Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել է:

16:22 -Ժամը 15:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 քաղաքացի:

16:00 -Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք:

15:15 -Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը ուղարկվել է ՀՀ ոստիկանություն:

15:09 -Ժամը 14:00-ի դրությամբ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 քաղաքացի:

15:05 - Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով:Խորենացի-Մաշտոց խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ փորձում էին փակել ճանապարհը: Ոստիկանները արագ արձագանքեցին և երկու քաղաքացու բերման ենթարկեցին:

14:40 - Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որմեքենաներով բանուկ փողոցները փակելու գործողությունները վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքը:Ոստիկանությունը կոչ է անում Երևանում շարունակվող հավաքի կազմակերպիչներին դադարեցնելու քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը:

14:00 - Փաշինյանն ու կողմնակիցները քայլում են Լենինգրադյան փողոցով: Հավաքի այլ մասնակիցներԲաղրամյան-Երզնկյան խաչմերուկում անընդհատ անցնում-դառնում ենհետիոտնի համար նախատեսված անցումով՝ թույլ չտալով վարորդներին շարունակել երթևեկությունը:

13:54 -Երևանի հիվանդանոցներում ժամը 13։00-ի դրությամբ բուժումը շարունակում է հավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։

Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

13:37 - Ժամը13:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 107 քաղաքացի:

13:30 -Նիկոլ Փաշինյանն իր շուրջ 200 կողմնակիցների հետ երթ են իրականացնում Երևանի Խանջյան փողոցով:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Խանջյան փողոցի երթևեկելի երկու հատվածներում խցանում է առաջացել: Երթի մասնակիցները եղել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանում և ուսանողներին դասադուլի կոչեր են անում:

13:05 -ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է լրագրողներին պահպանել ողջամիտ հեռավորություն հավաքի վայրից՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

12:22 -Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 52 քաղաքացի:

12:18 -ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որքաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:

11:57 -Լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է ոստիկանների կողմից ապրիլի 20-ին Երևան-Աբովյան մայրուղուց բերման ենթարկվելու մասին:Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ լրագրողը բերման չի ենթարկվել: «Նշված վայրից մի քանի մետր հեռավորությամբ նա իջեցվել է մեքենայից: Այս պահին ոստիկանության ծառայողները զրուցում են նրա հետ»,- ասաց Ահարոնյանը:

11:46 -Մի խումբ քաղաքացիներ ապրիլի 20-ին փորձեցին փակել Երևանի Ալեք Մանուկյանի փողոցը: Ոստիկանները հավաքի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթևեկելի հատվածից: Որոշ քաղաքացիներ տեղում գտնվող ոստիկանական մեքենայով բերման ենթարկվեցին: Կարճ ժամանակ անց Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով երթևեկությունը բացվեց:

11:21-Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը՝ դեպի Աբովյան, նաև հակառակ ուղղությամբ: Ոստիկանությունը մեծ ուժերով փորձում է կանխել պարբերաբար ճանապարհներին կայանել փորձող մեքենաների վարորդներին: Մայրուղու այդ հատվածում անգամ ավտովթար է եղել: Այդ հատվածից նաև անձանց են բերման ենթարկում: Քաղաքացիական հագուստով երեք անձ քաղաքացիական մեքենայով բերման է ենթարկել մեկ երիտասարդի:

11:18- Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որպատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման: «Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

11:00 - Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

10:30- Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան 10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 37 քաղաքացի:

09:00 -Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 16 քաղաքացի:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում