Մշակույթ

Հայաստանում ստեղծվելու է տեսողական էֆեկտների և անիմացիայի կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ստեղծվելու է տեսողական էֆեկտների և անիմացիայի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շուտով արվեստասեր հանրությանը կներկայացվի Կիլիկիո թագավորության զարթոնքի, Լևոն երկրորդի թագադրման մասին պատմող մի նախագիծ, որը հագեցած է տեսողական էֆեկտներով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Սա վիզուալ ֆիլմի թերևս առաջին տարբերակն է Հայաստանում: Այն արվել է բիզնես մոդելով, որը կոչվում է աուդիովիզուալ քաղաքի ստեղծում: Դա բավականին հետաքրքիր բիզնես նախագիծ է կինոարտադրության ոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Արմեն Ամիրյանի խոսքով` ֆիլմարտադրության մեջ Հայաստանի մասնագետների ամենագործուն, կարևոր ուժերը հենց ՏՏ ոլորտում են: Այդ բնագավառում Հայաստանը առաջատար է: «Ունենք «Թումո» կենտրոնը« որը շրջանավարտներ է տալիս և պետք է զարգացնել նրանց գիտելիքներն ու կարողությունները անիմացիոն կինոյի բնագավառում»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ ցանկանում են Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք, որտեղ կհամախմբվեն այն ընկերությունները, որոնք այսօր արդեն հոլիվուդյան, եվրոպական ֆիլմերի համար վիզուալ էֆեկտներ են պատրաստում:

«Վիզուալ էֆեկտներ կան շատ ֆիլմերում, բայց չեք պատկերացնում, որ այդ ամենը հենց Հայաստանում է արվել: Մեր նպատակը վերոնշյալ կենտրոնի միջոցով դրանք մի տեղ հավաքելը, միասնական աշխարհին ներկայանալը, արտասահմանյան պատվերներ ընդունելը և դրանք Հայաստանում իրականացնելն է»,-եզրափակեց Ամիրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում