Հայաստանը կարևորում է տարածաշրջանում ճանապարհային անվտանգության ապահովումը. Երևանում անցկացվում է «ՏՐԱՍԵԿԱ»-ի նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ստանձնել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը, որի առիթով հանձնաժողովի 13-րդ նիստը մարտի 5-6-ն անցկացվում է Երևանում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը շահում է այն, որ միջազգային կազմակերպության անդամ է ու նախագահող երկիր մի կառույցի, որը տեխնիկական աջակցություն ու ներդրումային ծրագրեր է իրականացնում տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում: «Հայաստանում արդեն իսկ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացվել են ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում: Ժամանակին կառուցվել է օպտիկամանրաթելային գիծ Հայաստանից Վրաստան ու շարունակությունը: Տերմինալներ են կառուցվել, կան շարունակական ծրագրեր` կախված կառույցի հաստատված ծրագրերից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Կազմակերպության միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանի միջև ճանապարհային փոխկապվածությունը: «Վերջին տարիների մեր երկրի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք տարեցտարի շատանում և ընդլայնվում են»,-ավելացրեց պաշտոնյան:

Նա նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակաբար բարելավման ծրագրերից խոշորագույնը «Հյուսիս-հարավ միջանցքի» շինարարությունն է: «Այն ներկայում բարեհաջող շարունակվում է մեր գործընկերների աջակցությամբ: Տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից կարևորում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի արդեն մեկնարկած հիմնանորոգման և կենսական նշանակության բարելավման մյուս ծրագրերը»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը փաստեց, որ տարածաշրջանային կարևորության տեսանկյունից հետագա առաջնահերթություններից է ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների ու ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին:

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ-ից: Վերջին անգամ Հայաստանում այն անցկացվել է 2003թ-ին։ Երևանում կայացող միջոցառմանը ներկա են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից շուրջ 13 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը:

Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի