Սպորտ

Փաշիկ Ալավերդյանը գոհ է Հայաստանի առաջնությունից 

2 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանը գոհ է Հայաստանի առաջնությունից 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է հանրապետության առաջնության արդյունքներից:

«Ես գոհ եմ առաջնությունից: Այժմ այն պահն է, երբ պետք չէ, որ մարզիկներն իրենց լավագույն մարզավիճակում լինեն: Հաջորդ մեր մրցումը տեղի է ունենալու հունիս ամսին միայն: Դեռևս 4 ամիս ունենք, և մարզիկը չի կարող է իր մարզավիճակի գագաթնակետին մնալ 4 ամիս շարունակ: Մարզիկները կատարել են իրենց առաջ դրված խնդիրը` դա ընդհանուր ֆիզիկական պատրաստությունն էր»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդյանը:

Խոսելով Անդրանիկ Կարապետյանի մասին, ով առաջնությունում 0 ստացավ, Ալավերդյանը փաստեց. «Մարզիկի 0 ստանալը դեռևս ոչինչ չի նշանակում: 0 են ստացել աշխարհահռչակ շատ ծանրորդներ, օրինակ՝ Յուրի Վարդանյանը: Բայց Անդրանիկը իրավունք չուներ 0 ստանալու: Դեռևս մեկ տարի առաջ նա բարձրացնում էր 194 կգ (հրում), իսկ հիմա միայն 185 կգ: Եթե վնասվածքը զգացնել էր տալիս ընդամենը մեկ տարի, ապա հիմա երկու տարի է անցել: Ոչինչ, մենք կլուծենք այդ հարցերը»:

Մեծահասակները օգոստոսի 20-ից հետո կկարողանան մասնակցել բոլոր մրցաշարերին: Եվ արդեն սեպտեմբերին կմասնակցեն ուսանողական խաղերին: «Ունիվերսիադան մեզ համար կլինի փորձամրցում աշխարհի առաջնությունից առաջ: Այս տարվա աշխարհի առաջնությունն արդեն վարկանիշային է: Ի տարբերություն մյուս Օլիմպիական խաղերի՝ հիմա վարկանիշները կլինեն անհատական»-շեշտեց Ալավերդյանը:

Ծանրամարտի ազգային թիմը մարտի 2-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայում: Հավաքը կտևի 20 օր, որին կմասնակցեն նաև երիտասարդական և պատանեկան թիմերի անդամները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում