Սպորտ

Փարիզ-2024. Ամեն անգամ Լաշան հաղթում էր մեզ, այս անգամ մենք պարտվեցինք Լաշային. Փաշիկ Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ամեն անգամ Լաշան հաղթում էր մեզ, այս անգամ մենք պարտվեցինք Լաշային. Փաշիկ Ալավերդյան

ՓԱՐԻԶ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հայ ծանրորդների ելույթները 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշիկ Ալավերդյանը հայ մարզիկների ելույթների մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։ 

Անդրադառնալով գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանի գրանցած արդյունքին, որը արծաթե մեդալ նվաճեց՝ զիջելով Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին՝ գլխավոր մարզիչը մասնավորապես ասաց. «Ամեն անգամ Լաշան հաղթում էր մեզ, այս անգամ մենք պարտվեցինք Լաշային: Չեմ կարծում, որ նա կշարունակի ծանրամարտում մնալ, քանի որ նրա մարզավիճակն առաջվանը չէ»: 

Խոսելով 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանի ելույթից, ով 4-րդն էր Օլիմպիական խաղերում, Ալավերդյանը դժգոհություն հայտնեց նրա աշխատանքից։

«Գարիկը շատ վատ աշխատանք կատարեց այստեղ: Եթե պոկում վարժությունում նրան հաջողվեց ավելացնել, ապա հրում վարժությունում` ոչ: Աշխարհի գավաթի խաղարկությունում նա հրում վարժությունում շատ լավ էր աշխատել, եթե կարողանար նույնն անել այստեղ, կլիներ մեդալակիրների շարքում»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև նշեց, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչները Փարիզում իրենց զգացել են, ինչպես տանը։  «Ես նույնիսկ չէի էլ զգում, որ մենք օտար երկրում ենք: Փարիզում մարդիկ, իմանալով, որ Հայաստանից ենք, ուրախանում էին: Շնորհակալ ենք Ֆրանսիայի հայությանը, ինչպես նաև հենց ֆրանսիացիներին մեզ այդքան բարեհամբույր  հյուրընկալելու համար»,-ասաց Ալավերդյանը:  

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

 

Վարվառա Հայրապետյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում