Հայկական ծանրամարտի համար մրցաշրջան 2023-ն աննախադեպ է եղել․ Փաշիկ Ալավերդյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին ընդհանուր առմամբ նվաճել են 146 մեդալ, ինչը 40-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով մրցաշրջան 2023-ը:
«Այս տարի մենք նվաճել ենք 146 մեդալ: Իսկ նախորդ տարում ունեինք 106 մեդալ: 2023 թվականն աննախադեպ է նաև այն իմաստով, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի ծանրամարտի ընդհանուր թիմը` տարբեր տարիքային թիմերի արդյունքները միասին վերցրած, լավագույնն է աշխարհում: Մենք առաջ ենք անցել նույնիսկ Չինաստանի հավաքականից»,-ասաց Ալավերդյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` Փարիզի Օլիմպիական խաղերի համար կա 5 թեկնածու, սակայն 33-րդ ամառային ՕԽ-ին կարող են մասնակցել յուրաքանչյուր երկրից միայն 3 ներկայացուցիչ, բացի այդ նույն քաշային կարգում երկիրը չի կարող ունենալ երկու ներկայացուցիչ: Իսկ ինչ վերաբերում է աղջիկների հավաքականին, դեռևս հստակ չէ, թե քանի մասնակից կունենա ընտրանին առաջիկա Օլիմպիական խաղերին:
«Կուզենային խնդրել մեր կառավարությանը, որ մեզ օգնեն: Մենք խնդիրներ ենք ունենում բանակի ազատականների հարցում, տրամադրվող անձնագրերի ժամկետների հետ կապված: Խնդրանքս է, որ առկա ընթացակարգերը փոխվեն` առավել հեշտացվեն»,- ասաց նա:
Ալավերդյանն ընդգծեց, որ ինչպես 2023 թվականի մեկնարկին, այնպես էլ 2024 թվականին, չի անցկացվի Հայաստանի առաջնություն, քանի որ Օլիմպիական հերթափոխի քոլեջում վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:
«Մեզ համար նվաճում է նաև այն, որ մեր մարզիկներից ոչ մեկ 9 տարի է, ինչ ոչ մի խնդիր չունի դոպինգների հետ կապված»,-առանձնացրեց նա: