Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:

Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ է արվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Հայերեն العربية English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են