Քաղաքականություն

Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը,թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ալիևի հայտարարության կապակցությամբ նշել էր.«Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ենթադրել էր, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը: «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- նշել էր Բալայանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում