3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացավ Գեղարքունիքի մարզի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցեցին Մարտունի եւ Սեւան քաղաքների մարզադպրոցների, Հայրավանքի եւ Վերին Գետաշենի թիմերում ընդգրկված 2004-2007 թվականներին ծնված մարզիկները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետ Ալեքսան Առաքելյանը, առաջնությունն անցկացվեց անհատական կարգով, 10 քաշային կարգերում:
Երկամարտի արդյունքներով 30 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց Հայրավանքի թիմը ներկայացնող Խաչիկ Թադեւոսյանը՝ ցույց տալով 55-կիլոգրամ արդյունք, 34 կիլոգրամ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Խաչիկ Մեսրոպյանը՝ ցույց տալով 61 կիլոգրամ արդյունք: 38, 42, 46, 50, 56, 62, 69,77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթեցին Սեւանի մարզադպրոցի սաները: 38կգ քաշային կարգում առաջին մրցանակը բաժին հասավ Մայիս Աբրահամյանին, ով բարձրացրեց 85 կգ, 42կգ քաշային կարգում՝ Հովհաննես Հովհաննիսյանին, ով ցույց տվեց 100 կգ արդյունք, 46 կգ քաշային կարգում՝ Գագիկ Մարտիրոսյանին՝ 74կգ, 50կգ քաշային կարգում՝ Գագիկ Ղազարյանին՝ 117 կգ, 56 կգ քաշային կարգում՝ Սամվել Երվանդյանին՝ 126կգ, 62 կգ քաշային կարգում՝ Ռոբերտ Քոչարյանին` 172կգ, 69կգ քաշային կարգում՝ Կարեն Խաչատրյանին՝ 177կգ,77կգ քաշային կարգում՝ Վահե Հարությունյանին` 150 կգ: 56 եւ 77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթողներին հավասար արդյունքներ են ցույց տվել վերինգետաշենցի ծանրորդներ Արման Գեւորգյանը եւ Էդիկ Գալստյանը:
Առաջնության լավագույն ծանրորդ է ճանաչվել Կարեն Խաչատրյանը՝ 177 կիլոգրամ արդյունքով: Հաղթողները եւ մրցանակային տեղեր գրաված ծանրորդները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով եւ մեդալներով:
«Հաղթողներից ձեւավորվեց Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի հավաքական թիմը, որը մարտ ամսին կմասնակցի հանրապետական առաջնությանը: Սեւանի քաղաքապետարանը եւ մարզադպրոցի տնօրինությունն արել էին հնարավորը, որպեսզի առաջնությունն անցնի կազմակերպված, տարբեր համայնքներից ժամանած մարզիկների համար ստեղծվեն մրցելույթի լավագույն պայմաններ: Ծանրամարտի առաջնությունը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: Առաջիկայում կկայանա բռնցքամարտի մարզային առաջնությունը, որն անցկացվելու է Ճամբարակ քաղաքում»,-նշեց Ալեքսան Առաքելյանը:
Խոսրով Խլղաթյան