Մշակույթ

Գիրք նվիրելու օրը Հայաստանի գրողների միության անդամները կհանդիպեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցականների հետ

2 րոպեի ընթերցում

Գիրք նվիրելու օրը Հայաստանի գրողների միության անդամները կհանդիպեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության անդամները գրական հանդիպումներ կունենան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ընթերցասերների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Գրողների միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ հանդիպումներ է պատրաստել մայրաքաղաքի թիվ 32 հիմնական դպրոցում: Փետրվարի 19-ին աշակերտների հետ հանդիպումներ կունենան անվանի գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ»,-ասաց միության նախագահը:

Ինքը՝ Միլիտոնյանը կայցելի նաև Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց: Նույն օրը ՀԳՄ-ի մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի մանկական գրքի ցուցահանդես:

Այցեր կլինեն նաև մայրաքաղաքից դուրս: Գրողների միությունը գրական բաժանմունքներ ունի նաև Լոռիում և Շիրակում: «Լոռու մեր գրողները կհանդիպեն «Էվրիկա» դպրոցի, նաև թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Իսկ Շիրակում փետրվարի 15-ից սկսած Ն. Ռիժկովի անվան ճեմափողոցում ՀԳՄ Շիրակի բաժանմունքի երիտասարդ ստեղծագործողները գրքեր կնվիրեն անցորդներին: Փետրվարի 16-ին Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցում արդեն կայացել է հանդիպում Շիրակի գրողների հետ»,-ասաց Միլիտոնյանը:

Փետրվարի 19-ին կանցկացվի գրական հանդիպում Շիրակի մարզային գրադարանում գրադարանավարների, ընթերցողների, ինչպես նաև Գյումրու թիվ 6 դպրոցի 8-րդ դասարանցիների հետ: Մյուս մարզերում ևս կլինեն հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում