Ֆիլմերս խաղաղության մասին են, դատապարտում են պատերազմը. Ջիվան Ավետիսյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտար արվեստասերների համակրանքը շահած, միջազգային կինոփառատոններում մրցանակների արժանացած «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել մարդկային երազանքների, խաղաղության, ապրեցնող կարոտների մասին պատմող «Դրախտի դարպասը» կինոնկարը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ռեժիսորի հետ:

-Բազմիցս ասել եք. «Ես ուզում եմ պատմել Արցախի մասին»: Ի՞նչ իրադարձությունների է անդրադառնում ձեր նոր «Դրախտի դարպասը» կինոնկարը:

-Նոր ֆիլմը պատմում է 1990-ականներին Արցախյան պատերազմի մոռացված դրվագի մասին, որը բացահայտվում է 2016 թվականի քառօրյայի ընթացքում: Առկա են հերոսների հիշողությունների տեսարաններ, դեպքեր, որոնք ամիսներ, օրեր, տարիներ առաջ են տեղի ունեցել. ժապավենում երկու իրականություն է. այն, ինչ ներկայում է տեղի ունենում, և այն, ինչ անցյալում է կատարվել և խորը ազդեցություն թողել այսօրվա վրա:

Սցենարի համահեղինակներ Արտավազդ Եղիազարյանը և Մկրտիչ Մալխասյանը մանրակրկիտ աշխատել են նյութի վրա, որպեսզի այն հետաքրքրի ոչ միայն հայ հանդիսատեսներին, այլև ուրիշ ազգերի ներկայացուցիչներին: Ես և իմ թիմը, առավոտից մինչ երեկո քրտնաջան աշխատում ենք՝ աղյուսն աղյուսի վրա դնելով, որ ֆիլմը կյանքի կոչենք:

-Ձեր նախորդ՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերում բուն պատերազմական գործողությունները չեն ներկայացվում: Նոր կինոնկարում կռվի տեսարաններ կտեսնե՞նք:

-«Դրախտի դարպասը» պատերազմական գործողությունների մասին չէ, այլ այդ ֆոնին մարդն է իր խնդիրներով, բարդույթներով, անճարակությամբ, սեր փնտրելու ցանկությամբ: Ինձ հետաքրքիր է անհատը՝ կանգնած ընտրության առաջ, սահմանագծին: Հագեցած մարդն ուշագրավ չէ: Մենք, կարծես թե, այնքան ենք հագեցել, որ մոռացել ենք, թե 25 տարի առաջ ինչ է տեղի ունեցել մեզ հետ, երեսուն տարի առաջ որտեղ ենք եղել՝ կախված լինել չլինելու խնդրից:

Ցավոք, կյանքը մեզ այնպես է «կշտացրել», որ մենք շատ նշանակալի բաներ մոռացել ենք: Մեր հիշողությունը նեղացել է. ներանձնական, ներթիմային, թաղային, խմբակային խնդիրների մեջ ենք: Մինչդեռ, մեր առաջ մեծ նպատակներ կան դրված, և մեզնից սպասելիքներ ունեն այն սերունդները, որոնց հարցերին մի օր պատասխան պիտի տանք:

-Նախորդ ֆիլմերը նկարել եք տարբեր համարտադրողների հետ: Այս անգամ համագործակցելո՞ւ եք:

-Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայկական կինոյի ճանապարհը, զարգացումն ու առաջխաղացումը համագործակցությունն է եվրոպական երկրների հետ: Այս նպատակով նետվեցինք Բեռլինի կինոշուկա, հետո՝ Կանն, որտեղ գտանք ֆրանսիական կողմին, որը կարող է ներդրում կատարել: Նախորդ տարվա ընթացքում աշխատել ենք այս նախագծի վրա, փորձել ֆինանսավորում գտնել հնարավոր բոլոր աղբյուրներից: Այսօր յոթ երկիր ցանկանում է աջակցել մեզ, պատրաստ լինելուն պես գնել ֆիլմը:

Տարիներ շարունակ պատմում ենք Արցախի մասին, և ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխարհում կա ձևավորված հանդիսատես, որը ծանոթ է Արցախյան խնդրին. թող անհամեստ չհնչի, բայց դա իմ հանդիսատեսն է: «Թևանիկ»-ը ցուցադրվել է ավելի քան 25 երկրների 70 քաղաքներում և հաղթել մի շարք կինոփառատոններում: «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են մինչ օրս: Շուտով այն ներկայացվելու է նաև ԱՄՆ-ում (Նյու Ջերսի, Բոստոն, Սենթ Լուիս), Լիտվայում (Վիլնյուս) և Հունաստանում (Սալոնիկ, Աթենք): Այժմ էլ ֆիլմը գնելու և ցուցադրելու առաջարկ ունենք աշխարհահռչակ HBO ընկերությունից:

-Սիրում եք աշխատել ոչ միայն հայ, այլև օտարազգի դերասանների հետ: Այս ժապավենում նոր դեմքեր կբացահայտե՞ք:

-Չեմ ցանկանա բացել բոլոր փակագծերը, բայց ասեմ, որ կլինեն և՛ ծանոթ, և՛ անծանոթ դերասաններ: Կան հայ դերակատարներ, որոնց հետ միշտ աշխատում եմ: Եվ ես հավատում եմ՝ եթե մեր դերասանները, լավ ֆիլմերում նկարահանվելով, կարողանան մուտք գործել համաշխարհային կինոշուկա, տասը տարի հետո փայլուն դերասաններ կունենանք, որոնք ճանաչված կլինեն Եվրոպայում:

-Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է մասնակցի փառատոնների, կապեր հաստատի օտարազգի գործընկերների հետ աշխարհայացքն ընդլայնելու, հոգեպես հարստանալու, նոր ազդակներ ստանալու համար…

-Սահմանները միշտ պետք է ընդլայնել: Դա միայն դրական է ազդում: Այնպես չէ, որ իմ գեղեցիկ աչքերի կամ գզգզված մազերի համար են աջակիցներս հավաքվել շուրջս: Նրանք իմ կողքին են լավ պատմության, ճիշտ ծրագրած քայլերի, լավ մշակված բիզնես և ֆինանսական պլանի, տեղին ծախսվող գումարների և ընդհանուր նպատակի համար: «Թևանիկ»-ը, «Վերջին բնակիչը» ստեղծված են սրտով, հոգով, բայց նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ֆիլմը, որ մենք ունենանք հարյուր հազար, մեկ միլիոն, տասը միլիոն և ավելի հանդիսատես: Բարդ է հանրությանը ներկայացնել Արցախի խնդիրը. կա չհանգուցալուծված կոնֆլիկտ, ագրեսիա և խանգարող այլ հանգամանքներ հարևանների կողմից:

Երբ որևէ օտար դերասանի եմ հրավիրում ֆիլմում նկարահանվելու, նա ակամայից առկա կոնֆլիկտի մասնակից է դառնում՝ ընտրելով այս կողմը: Անկախ ամեն բանից՝ մենք պատրաստ ենք դիմագրավել բոլոր մարտահրավերներին:

-Ի՞նչ փուլում է գտնվում գեղարվեստական կինոնկարի ստեղծման գործընթացը:

-Դեռ նախապատրաստական շրջանում ենք: Նկարահանման աշխատանքները կսկսվեն ամռանը: Կաշխատենք ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Որոշակի ֆինանսական բաց կա, որը կփորձենք լրացնել` առաջիկայում Crowdfunding-ի (հանրային դրամահավաք) արշավ իրականացնելով: Սպասում ենք նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությանը, որը մեծ դերակատարություն կարող է ունենալ ֆիլմի կայացման գործում:

-Ռեժիսոր, պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքն ասել է, որ ֆիլմեր է նկարահանում այն ամենի մասին, ինչից վախենում է…

-Ստեղծում եմ կինոնկարներ, որոնք խաղաղության մասին են, դատապարտում են պատերազմը: Չեմ վախենում պատերազմից... Կյանքում էլ փորձում եմ չկռվել, բայց եթե ստիպված եղա, միայն հաղթող դուրս կգամ, որովհետև երբեք չեմ հոգնում պայքարելուց:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները տրամադրել է Ջիվան Ավետիսյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում