Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց Արցախյան պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանը աղբյուր-հուշարձանը
6 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նույն դպրոցի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից, 1992 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերի ընթացքում անհայտ կորած Սերգո Հրանտի Ավետիսյանի հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանի բացման եւ ոգեկոչման արարողություն:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն կանգնեցվել է Սերգո Ավետիսյանի զավակների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարության եւ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության համատեղ ուժերով:
Աղբյուր-հուշարձանը պատրաստել է կարմիրգյուղցի քանդակագործ Հակոբ Թորոսյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող կարմիրգյուղցի գործարարներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր, Սերգո Ավետիսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը հնչեցրեց աղոթք՝ ուղղված Արցախյան ազատամարտի զոհերի հոգիների հանգստությանը: Բացման խոսքում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը նախ շնորհավորեց ներկաներին՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ, ապա խոսեց Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի կյանքի, նրա անցած մարտական ու հերոսական ճանապարհի մասին:
«Թողնելով կնոջը, երկու զավակներին եւ մյուս հարազատներին՝ Սերգոն 1990 թվականին մասնակցեց Շահումյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մարտերին, 1990-1991թվականներին՝ Վայք, Խնձորուտ եւ Բարձրունի գյուղերի ինքնապաշտպանությանը: Նա անցել է ծանր մարտերի միջով, ստիպել հակառակորդին՝ հաշվի նստել իր անձի հետ, իր մասնակցությամբ քանիցս շրջել կռվի ընթացքը, թիկունք կանգնել ընկերոջը, օգնել՝ հաղթահարելու ծանր օրվա արգելքները: 1992 թվականի հունիսի 16-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերին եւ անհետ կորել:
Փառք նրա անցած ուղուն: Սերգո Ավետիսյանը այսօր վերադարձավ դպրոց, նա բացակա չստացավ, որովհետեւ դպրոցի մուտքի մոտ կանգնած աղբյուր -հուշարձանը հար ու հավետ կխոսի ու գալիք սերունդներին կպատմի իր կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսի մասին», - նշեց դպրոցի տնօրենը: Անցած հերոսական ճանապարհի համար Սերգո Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան», «Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար»,«Առաջին գունդ» մեդալներով: Օրվա առիթով Սերգո Ավետիսյանին եւ նրա որդիներին շնորհակալագրեր, պատվոգրեր եւ հուշամեդալներ շնորհվեցին ՀՀ ԵԿՄ վարչության, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ-ի եւ «Երդվյալ ազատամարտիկների միության» կողմից:
Աղբյուր- հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: «Պատերազմի թեժ շրջան էր, վախենում էինք կռվից, մահից: Մի քանի հոգու հետ հերոսս մեր գյուղ եկավ: Վախ չուներ, խոսքը գործ էր: Ծանոթացանք, իմացանք, որ թողել է ծնողներին ու երկու զավակներն ու եկել` մեր սահմանը պաշտպանելու, իմ որդու կիսատ գործը շարունակելու:
Անպետք զենքը պիտանի էր դարձնում, կոտրածը նորոգում էր, բարի ու ազնիվ, աշխատասեր մարդ էր, բայց մարտի դաշտում անկոտրում էր ու համառ: Զայրույթի պահին նա նմանվում էր իսկական դեւի: Նրան Դեւ էին ասում: Մի օր դուրս եկավ գյուղից, գնաց դեպի մարտական դիրքեր, ու մինչ օրս լուր չունենք»,- ներկայացրեց թալիշցի մոր դերում հանդես եկող փոքրիկ դպրոցականը: Ապա աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի ընտանեկան եւ մարտական կյանքի բացառիկ դրվագներ՝ դրանք համեմելով գրական - երաժշտական կատարումներով: « Մեր երկրի պաշտպանության երաշխավորը մեր հզոր ու փառապանծ բանակն է:
Ես իմ խոնարհումն եմ բերում Արցախյան պատերազմում նահատակված մեր հայորդիների հիշատակի առջեւ: Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում Սերգո Ավետիսյանի որդիներին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին, ովքեր իրենց հայրենասիրական գեղեցիկ դասով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հայը եղել է, կա եւ կմնա հավերժ:
Ես կուզեմ, որ մեր այս հրաշք երեխաները այս հրաշալի կատարումներով ապրեն խաղաղ եւ ստեղծագործ երկրում: Շնորհակալություն նաեւ մեր ճարտարապետին ու շինարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց միտքն ու գաղափարը դրեցին Սերգո Ավետիսյանի հիշատակը անմահացնելու եւ այս հրաշալի հուշարձան -աղբյուրը կառուցելու գործում» - ամփոփիչ ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Խոսրով Խլղաթյան