Պաշտոնական

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 20-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են ժողովարդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրի կարգավորմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի դրույթներին։

Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների անցյալն ու ներկան, այլեւ տալիս է զարգացման առաջնահերթություններ, որոնք բխում են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության գերակայություններից։

«Ակնհայտորեն պատմական է այս նիստը, քանի որ այն գումարվել էՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո»,- նշել է Արմեն Աշոտյանը։

«ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նիստում արձանագրվել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանշրջանակում»,- ընդգծել է բանախոսը։

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը եվրոպական խորհրդարանի անունից իր երախտագիտությունն է հայտնել 17-րդ նիստի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար, եւ կարեւորել է քննարկված հարցերի շրջանակը։

Սաջադ Քարիմը լիահույս է, որ հարաբերությունները երկու խորհրդարանների միջեւ կզարգանան։

«Կնքված համաձայնագիրը պարունակում է ֆինանսական օժանդակություն՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Մենք ավանդաբար աշխատել ենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով, որն իր հետ բերում է ինչ-որ պայմաններ եւ այդ առումով Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը հստակ առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնք մենք նախանշել եւ երկուստեք համաձայնեցրել ենք։ Դրանցում առկա է Հայաստանի ցանկությունը՝ որպես ինքնիշխան պետություն, զարգացնել սեփական ապագան։ Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշել է Սաջադ Քարիմը։

Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում