Նախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանության է արժանացրել «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման և գործունեության իրավական դաշտը:
«Օրինագիծը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները: Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքովը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Կարգավորվում են նաև միավորումը համալրելու և միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը:
Նախատեսվում են նաև միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը և դրանց ընթացակարգերը: Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջև սեփականության բաշխման մասով: