Սերժ Թանկյանը ներկա է գտնվել «Օրկա» սիմֆոնիայի փորձին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Թանկյանը հոկտեմբերի 17-ին ներկա է գտնվել սիմֆոնիայի փորձին:

«Պետական երիտասարդական նվագախումբն իրապես լավ է ներկայացնում այս ստեղծագործությունը: Շատ ոգևորվեցի, շատ ճիշտ են նվագում: Փորձին մի քանի շտկումներ արեցինք: Անհամբերությամբ սպասում եմ համերգին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերժ Թանկյանը:

«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013-ի հունիսի 25-ին:

Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը: Սիմֆոնիայի առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus: Ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Նրան անվանում են խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են:

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է:

Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել