Ականավոր հայ թարգմանիչներն արժանացան «Կանթեղ» մրցանակի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Մարգարիտ Թերզյանը, Իրինա Քարումյանը, Արա Առաքելյանը, Ֆելիքս Բախչինյանը, Վարանդը: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվեց հոկտեմբերի 14-ին Օշականում:

Գրողների միության անդամները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է: Վերջին տարիներին թարգմանություններ են իրականացվում պարսկերենից հայերեն և հակառակը, բուլղարերենից, լիտվերենից, ֆրանսերենից, անգլերենից և այլն։ Սա նաև նշանավորումն է այն մեծ թարգմանիչներին, ովքեր Աստվածաշունչն են թարգմանել, մեր լեզվի, գոյության, նշանակության համար հսկայական դեր են խաղացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում զարգանում է թարգմանիչների մի խումբ, որը հայերենից օտար լեզուներով է թարգմանում հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

Արա Առաքելյանի խոսքով` մրցանակը ոչ թե մեկ գրքի, այլ տարիների աշխատանքի գնահատականն է: «Վերջին նշանակալից գործը, որը թարգմանել եմ հայերեն Հերման Հեսսեյի «Հուլունքախաղ» վեպն է: Մինչ այդ թարգմանել եմ նրա «Տափաստանի գայլը» գիրքը, Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններից մի քանիսը: Թարգմանությունը գրականության կարևորագույն ու անբաժանելի մասն է»,-ասաց նա և շնորհավորեց բոլոր թարգմանիչներին գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Պարսկաստանից Հայաստան ժամանած գրող և թարգմանիչ Վարանդը ընդգծեց, որ, չնայած ծնունդով Իրանից չէ, այնտեղ է ապրել ու կրթություն ստացել: Նա իր հոգու պարտքն է համարել հայերեն թարգմանել վերջին հարյուրամյակի իրանական լավագույն բանաստեղծությունները, որպեսզի հայերը ծանոթանան Իրանի գրականությանը, յուրահատուկ մտածողությանը: «Թարգմանել եմ Իրանի ժամանակակից պոեզիան: Կարծում եմ, որ գիրքը Իրանի արձակ պոեզիայի առաջին ամբողջական ու ամփոփ անթոլոգիան է»,-նշեց թարգմանիչը:

Գրողների միությունը վերջին 20-30 տարվա ընթացքում Թարգմանչաց տոնը նշել է միջազգային մակարդակով, տարբեր երկրներից Հայաստան են հրավիրվել գրողներ, թարգմանիչներ: Վերջին տարիներին հիմնվել է «Կանթեղ» անունով մրցանակ, որը տրվում է Սփյուռքի և Հայաստանի լավագույն թարգմանիչներին:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին,թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան