Հասմիկ Աբեղյանի համբուրգյան խոհերն ընդգրկվել են նրա նոր գրքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մանուկ Աբեղյանի թոռնուհու` Հասմիկ Աբեղյանի «Համբուրգյան մտորումներ» գրքում զետեղված են էսսեներ, պատմվածքներ, խոհափիլիսոփայական մտքեր, հիշողություններ, արձակ բանաստեղծություններ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

«Տարիներն անցնում են, սակայն Հասմիկը նույնն է. նույնն է հոգով, խանդավառությամբ, դեպի մարդն ու իր հարազատները անպակաս սիրով: Անհիշելի ժամանակներից իմ օրացույցում կարմիր գծով է գծվում սեպտեմբերի յոթը, որը Հասմիկ Աբեղյանի ծննդյան օրն է: Այս տարի նրա ծննդյան կապակցությամբ տպագրեցինք և նրան նվիրեցինք «Համբուրգյան մտորումներ» գիրքը: Գրքում խորը հավատքի ու հույսի տեր մարդու մտորումներ են: Թվում է, թե գրքույկում պարզ պատմություններ են, բայց ամեն մի ստեղծագործություն սիրո մեծ ուժ ունի, և ընթերցողին հույսի, լավատեսության զորություն է տալիս. ամեն մի պատում ապրված է ու վերապրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գրականագետ Աբգար Ափինյանի խոսքով`Հասմիկ Աբեղյանը հայ բանասիրության բացառիկ անուններից է: «Նա վաստակ ունեցող գրականագետ է, որը, երկար տարիներ աշխատելով գրականության ինստիտուտում, կազմել, տպագրել, հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, և նրա ներդրումը մեծ է մեր գրականագիտության զարգացման գործում: Հասմիկ Աբեղյանն աշխատել է այնպիսի նշանավոր գիտնականների հետ, ինչպիսիք են Էդվարդ Ջրբաշյանը, Սուրեն Աղաբաբյանը և այլք»,-ասաց Ափինյանը:

Աբեղյանը շեշտեց, որ երբևէ մտադրություն չի ունեցել գեղարվեստական գիրք գրել: «Լավ հիշողություն ունեմ և հետաքրքիր դեպքեր, պատմություններ ու մարդկանց եմ վերհիշում: Շրջապատի մարդիկ, աշխատանքային ընկերներս, աղջիկներս անդադար հորդորում էին ինձ գրել հուշերս ու արդյունքում ծնվեց «Օրերս ինձ հետ են» հուշագիրքը, որը լավ ընդունելության արժանացավ: Այնտեղ մեր տոհմի պատմությունն է»,-նշեց Աբեղյանը:

Անդրադառնալով նոր գրքին` նա ընդգծեց, որ անցյալ տարի Գերմանիայում է եղել և հենց այդ ժամանակ էլ թղթին իր մտորումները հանձնելու մեծ ցանկություն է զգացել:

«Տղայիս մոտ էի, նրա կինը չինուհի է և չի խոսում հայերեն: Ես ուզում էի կիսվել ինչ-որ մեկի հետ, խոսել, պատմել ու զգացի որ գրելու կարիք կա: Այդպես ծնվեց այս գրքույկը, որում զետեղված են արձակ բանաստեղծություններ, մտացածին հիշողությունների հիման վրա գրված էսսեներ, խոհափիլիսոփայական մտորումներ, փոքր պատմվածքներ»,-ասաց գրողը:

Հասմիկ Աբեղյանը խոստովանեց, որ ճակատագիրն իր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չի գտնվել և կյանքում քիչ են եղել երջանիկ պահերը, սակայն ինքն այսօր երջանիկ է, քանի որ սիրված է, գնահատված և ուրախ է, որ իր շուրջ են հավաքվել մտերիմները, հարազատները, ծանոթները: Նա շեշտեց, որ իրեն շատ երիտասարդ է զգում և շարունակելու է աշխատել, քանի դեռ ի վիճակի է:

Հասմիկ Աբեղյանին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պատվոգիր հանձնվեց հայ գրականության տարածման, զարգացման, հանրահռչակման, հայագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն նրան հանձնեց պատվոգիր գիտության ոլորտում երկարամյա, անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան