Սոցիալական ոլորտում 100 հազար քաղաքացի կարողանալու են գործառույթներ իրականացնել առցանց եղանակով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական պաշտպանության ոլորտում բյուջետային հնարավորությունների սահմանափակ հատկացումների շրջանակում կարևորվել է երկու հիմնախնդիր՝ ծրագրերի հասցեականության բարձրացում՝ դեպի առավել խոցելի խմբեր, և մատուցվող ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Այս առումով, անցած ժամանակահատվածում բավականին աշխատանքներ են տարվել, և ունենք արդյունքներ: Մասնավորապես, մեր խնդիրն է եղել պետական աշխատող-քաղաքացի շփումների նվազեցումը: Ներդրել ենք էլեկտրոնային համապատասխան ծառայությունների համակարգեր, որոնք շարունակաբար ընդլայնվելու են, աշխատանքներն ինտենսիվ իրականացվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով, 2017 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմած 30 հազար քաղաքացուց 15 հազարը դիմել են առցանց եղանակով՝ առանց որևէ աշխատողի հետ շփման տարածքային կենտրոն այցելելու, այսինքն՝ իր սոցիալական իրավունքը հաջողությամբ իրացրել է:
Նախարարության խնդիրն է՝ ավելացնել նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստ ստանալու համար դիմելու հետ կապված ընթացակարգերի ընդլայնումը:
«13 հազար անձ տարեկան ստանում են նման նպաստ: 2018 թվականի հունվարից մենք կունենանք առցանց դիմելու հնարավորություն նաև երեխայի խնամքի նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար: Նախատեսում ենք, որ մեր քայլերի արդյունքում 100 հազար քաղաքացի հնարավորություն են ունենալու դիմում ներկայացնելու գործառույթն իրականացնել առանց տարածքային կենտրոն այցելելու»,- ասաց նախարարը՝ կարևորելով թոշակառուների համար ցանկացած բնակավայրի կենտրոն դիմելու հնարավորությունը՝ անկախ իրենց բնակության վայրից:
Արտեմ Ասատրյանն էլեկտրոնային համակարգի ներդրման հարցը կարևորում է նաև հակակոռուպցիոն տեսանկյունից: «Այս դեպքում քաղաքացիների իրավունքը չիրացնելու հնարավորությունը հավասարեցվում է զրոյի: Սա լրջագույն հարց է»,- նկատեց նա: