ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ սեպտեմբերի 21-ին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչվող հարցեր։
Նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ևս ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։