Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը

3 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 31-ին ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նախարարին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Բալկանյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, սակայն Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ համագործակցությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարի այցը կակտիվացնի միջպետական երկխոսությունը:

Արա Բաբլոյանը, կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հաստատումը, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային ատյաններում եւ խորհրդարանական հարթակներում երկու երկրների համագործակցության եւ պատվիրակությունների միջեւ կառուցողական ու փոխշահավետ երկխոսության հնարավորությանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Հավասարապես ցավում եմ երկու կողմերի կորուստների համար,որոնք անիմաստ են, քանի որ դեռ չկա դիվանագիտական լուծում: Հայաստանը ձգտում է տարածաշրջանում հաստատել եւ պահպանել բարիդրացիական հարաբերություններ»: Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր երկրի խորհրդարանի եւ կառավարության կառուցվածքը, պետական կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները: Կարեւորելով հարաբերությունները տարածաշրջանում՝ Իգոր Ցրնադակն անդրադարձել է իր երկրում քառամյա պատերազմից հետո խաղաղության եւ քաղաքական հավասարակշռության հաստատմանը: Նախարարը, ընդգծելով երկու երկրների համար էլ հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը, նշել է.

«Մենք գիտենք, թե ինչ է հակամարտությունը, եւ մեր սկզբունքն ունենք ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կբխի երկու երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի շահերից»: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին, ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում