Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների առաջին դասարանցիների թիվն ավելացել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներն այս ուսումնական տարում կունենան ավելի շատ առաջին դասարանցի, քան նախորդ տարի: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում գերակշռում են աղջիկները, իսկ Վայոց ձորում՝ տղաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին դպրոցների տնօրենները:

Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր, Դովեղ և Այգեպար գյուղերի միջնակարգ դպրոցներ այս տարի կգնան 7-ական աշակերտներ՝ նախորդ տարվա 3-ի և 4-ի և 2-ի փոխարեն: Ներքին կարմիրաղբյուրում նրանցից 5-ն աղջիկ են, 2-ը՝ տղա, իսկ Դովեղում և Այգեպարում՝ 4 աղջիկ, 3 տղա:

Նույն մարզի Կողբ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում ևս աշակերտների թվի ավելացում է նկատվում՝ 25 աշակերտ նախորդ տարվա 23-ի համեմատ: Դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանի խոսքով՝ դպրոցում վերջին տարիներին բարձր առաջադիմություն է նկատվում: «18 շրջանավարտից 15-ն այս տարի ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նախորդ տարի ունեցել ենք 2 մեդալակիր: ԵՊՀ-ի դպրոցական օլիմպիադայում՝ դպրոցից 2 աշակերտ զբաղեցրել են 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ ստանալով ուսման 50 և 30 տոկոս զեղչ»,-ասաց Ամալյա Ղարագյոզյանն ու հավելեց, որ դպրոցը նաև հրատապ ծրագրով մարզպետարանից ստացել է գումար, և ամռան ընթացքում փոխել են պատուհաններն ու կարգի բերել նախամուտքը:

Սահմանամերձ որոշ գյուղերի դպրոցներում նաև աշակերտների համալրում է եղել նույն մարզի, այլ մարզերի, այդ թվում նաև Երևանի դպրոցներից: Սևքար գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանի խոսքով՝ առաջին դասարանցիներից բացի, դպրոցն ընդունել է նաև 3 աշակերտ Տավուշի մարզի այլ գյուղերից և 2 աշակերտ՝ Երևանից: «Երեխաների ծնողները երկրում չեն, նրանք էլ եկել են այստեղ՝ տատիկ-պապիկի տուն և ընդունվել մեր դպրոց»,-նշեց տնօրենը:

Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիների գերակշիռ մասը տղաներ են: Խաչիկ գյուղի դպրոցի առաջին դասարան այս տարի կգնա 7 տղա և 5 աղջիկ: «Վերջին 10 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ դպրոցն այդքան շատ առաջին դասարանցի է ընդունում: Վերջին երկու տարում ունեցել ենք 2-ական շրջանավարտ: Այս տարվա շրջանավարտներից մեկն ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ անվճար ուսուցման համակարգով»,-ասաց դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը:

Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում կունենա 5 առաջին դասարանցի՝ 2 աղջիկ, 3 տղա: Ամենաշատ առաջին դասարանցիներ ունեցել են նախորդ տարի՝ 13 հոգի: Դպրոցում միացյալ դասեր անցկացնող դասարաններ չկան: Իսկ Սերս գյուղի հիմնական դպրոց այս տարի կգնա 1տղա աշակերտ: Ինչպես ասաց դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանը՝ երկուական դասարաններ դասերը կանցկացնեն միասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԳՆ-ից, այս ուսումնական տարում ողջ հանրապետությունում առաջին դասարանցիների ակնկալվող թիվը շուրջ 40.000 է: Աշակերտների հստակ թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 6-ին:

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ