Հասարակական

Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների առաջին դասարանցիների թիվն ավելացել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների առաջին դասարանցիների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներն այս ուսումնական տարում կունենան ավելի շատ առաջին դասարանցի, քան նախորդ տարի: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում գերակշռում են աղջիկները, իսկ Վայոց ձորում՝ տղաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին դպրոցների տնօրենները:

Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր, Դովեղ և Այգեպար գյուղերի միջնակարգ դպրոցներ այս տարի կգնան 7-ական աշակերտներ՝ նախորդ տարվա 3-ի և 4-ի և 2-ի փոխարեն: Ներքին կարմիրաղբյուրում նրանցից 5-ն աղջիկ են, 2-ը՝ տղա, իսկ Դովեղում և Այգեպարում՝ 4 աղջիկ, 3 տղա:

Նույն մարզի Կողբ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում ևս աշակերտների թվի ավելացում է նկատվում՝ 25 աշակերտ նախորդ տարվա 23-ի համեմատ: Դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանի խոսքով՝ դպրոցում վերջին տարիներին բարձր առաջադիմություն է նկատվում: «18 շրջանավարտից 15-ն այս տարի ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նախորդ տարի ունեցել ենք 2 մեդալակիր: ԵՊՀ-ի դպրոցական օլիմպիադայում՝ դպրոցից 2 աշակերտ զբաղեցրել են 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ ստանալով ուսման 50 և 30 տոկոս զեղչ»,-ասաց Ամալյա Ղարագյոզյանն ու հավելեց, որ դպրոցը նաև հրատապ ծրագրով մարզպետարանից ստացել է գումար, և ամռան ընթացքում փոխել են պատուհաններն ու կարգի բերել նախամուտքը:

Սահմանամերձ որոշ գյուղերի դպրոցներում նաև աշակերտների համալրում է եղել նույն մարզի, այլ մարզերի, այդ թվում նաև Երևանի դպրոցներից: Սևքար գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանի խոսքով՝ առաջին դասարանցիներից բացի, դպրոցն ընդունել է նաև 3 աշակերտ Տավուշի մարզի այլ գյուղերից և 2 աշակերտ՝ Երևանից: «Երեխաների ծնողները երկրում չեն, նրանք էլ եկել են այստեղ՝ տատիկ-պապիկի տուն և ընդունվել մեր դպրոց»,-նշեց տնօրենը:

Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիների գերակշիռ մասը տղաներ են: Խաչիկ գյուղի դպրոցի առաջին դասարան այս տարի կգնա 7 տղա և 5 աղջիկ: «Վերջին 10 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ դպրոցն այդքան շատ առաջին դասարանցի է ընդունում: Վերջին երկու տարում ունեցել ենք 2-ական շրջանավարտ: Այս տարվա շրջանավարտներից մեկն ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ անվճար ուսուցման համակարգով»,-ասաց դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը:

Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում կունենա 5 առաջին դասարանցի՝ 2 աղջիկ, 3 տղա: Ամենաշատ առաջին դասարանցիներ ունեցել են նախորդ տարի՝ 13 հոգի: Դպրոցում միացյալ դասեր անցկացնող դասարաններ չկան: Իսկ Սերս գյուղի հիմնական դպրոց այս տարի կգնա 1տղա աշակերտ: Ինչպես ասաց դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանը՝ երկուական դասարաններ դասերը կանցկացնեն միասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԳՆ-ից, այս ուսումնական տարում ողջ հանրապետությունում առաջին դասարանցիների ակնկալվող թիվը շուրջ 40.000 է: Աշակերտների հստակ թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում