Մշակույթ

Հայաստանում կներդրվի կինոհանձնակատարի ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կներդրվի կինոհանձնակատարի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Կինոյի մասին օրենքի ստեղծում, որը թույլ կտա ոլորտում իրականացնել մի շարք բարեփոխումներ: Ներդրվելու է կինոհանձնակատարի ինստիտուտը, թվայնացվելու է «Հայֆիլմ»-ի ոսկե ֆոնդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

«Կինոոլորտը լինելու է ՀՀ մշակույթի նախարարության առաջիկա 5 տարվա կարևորագույն ուղղություններից մեկը: Տարբեր հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ քննարկվում է Կինոյի մասին օրենքի ստեղծումը: Ի տարբերություն այլ ոլորտների՝ կինոմատոգրաֆի սահմանափակումների մեջ պետական կարգավորումներն արդեն արդիական են դարձել: Ստեղծվելու է մի կառույց՝ կինոհանձնակատարը, որը զբաղվելու է Հայաստանում կինոարտադրության խթանմամբ և նպաստավոր պայմանների ապահովմամբ նաև արտերկրի կինոարտադրողների համար»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ կինոհանձնակատարը կօգնի նկարահանումների համար փակել փողոցները, ստանալ թույլտվություն, որոշակի կազմակերպություններից վարձակալել տեխնիկա: Նաև գույքագրվելու է կինոոլորտի ունեցվածքը:

«Կարևորագույն խնդիր է մեզ համար ապահովել տեղեկատվական հասանելիությունն ու մատչելիությունը: Ազգային գրադարանն արդեն սկսել է թվայնացնել գրականությունը: Նախատեսում ենք, որ 5 տարում փորձելու ենք թվայնացնել և համացանցում տեղադրել մինչ 1960 թվականի Ազգային գրադարանում պահվող հավաքածուները: Թվայնացնելու ենք նաև բոլոր օպերային ստեղծագործությունների նոտաները, ինչպես նաև այն կինոժառանգությունը՝ հիմնականում «Հայֆիլմ»-ի ոսկե ֆոնդը՝ մոտ 415 ֆիլմ, որից դեռ ընդամենը 2/3-րդն է թվայնացված»,-ասաց Արթուր Պողոսյանը:

Նախատեսվում է նաև, որ օտարերկյա ներդրումներով կինոարտադրողն իր ծախսած գումարի 20 տոկոսը հետ կստանա: Այս մոդելը տարածաշրջանում կիրառում է նաև Վրաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում