Սրտանոթային հիվանդությամբ տառապողները շոգ եղանակին պետք է պարբերաբար հսկեն զարկերակային ճնշումը. սրտաբան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրտանոթային հիվանդների դիմելիությունը սրտաբաններին՝ պայմանավորված աննախադեպ շոգ եղանակով, վերջին երկու շաբաթում ավելացել է 20-30 տոկոսով: Ավելացել է ինսուլտների և սրտամկանի ինֆարկտի, զարկերակային բարձր ճնշում ունեցողների թիվը: Նման դեպքերի կանխարգելման նպատակով սրտանոթային հիվանդները պետք է խուսափեն շատ սառը ջուր օգտագործելուց, պարբերաբար հսկեն զարկերակային ճնշումը, իսկ ջերմային կաթվածի հավանականությունը նվազեցնելու նպատակով կրեն միայն բաց գույնի հագուստ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց «Դիագնոստիկա» բուժմիավորումում Սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը:

«Շոգ եղանակը վատ է անդրադառնում հատկապես սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց, երեխաների և տարեցների վրա: Շոգ եղանակին ավելանում է քրտնարտադրությունը, և եթե օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ հեղուկ, ջրազրկվում է և արյան խտացման հետևանքով սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ առաջանում են տրոմբներ: Շոգը կարող է հանգեցնել ուղեղի անոթների ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի»,-ասաց Մարինե Օրդյանը:

Նրա խոսքով՝ հատկապես սրտանոթային հիվանդություն ունեցողները պետք է բավարար քանակությամբ հեղուկ օգտագործեն: Բավարար քանակությունը սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար 1,5-2 լիտրից ոչ պակասն է, իսկ առողջ մարդկանց համար՝ 2-2,5 լիտր: Ցուցված է օգտագործել միայն ջուր, հանքային ջուր, երբեմն նաև թան: Չի կարելի օգտագործել սուրճ, գազավորված ըմպելիքներ, աղի ու յուղոտ ուտելիք: Հագուստը պետք է լինի թեթև, կրծքավանդակը որքան հնարավոր է բաց, չպետք է հագնել նեղ ու մուգ գույնի հագուստ, հակառակ դեպքում՝ ավելանում է ջերմային կաթվածի հավանականությունը: Դեղեր օգտագործողների մոտ կարող է շոգ եղանակին առաջանալ անոթների լայնացում և ճնշման կտրուկ անկում, ինչը ևս վնաս է ուղեղի անոթներին: Պետք է զերծ մնալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

«Սրտանոթային հիվանդություններով տառապողները հատկապես չպետք է օգտագործեն շատ սառը ջուր և չլողան շատ սառը ջրով լողավազանում: Սառը ջուրը կարող է առաջացնել անոթների սպազմ, ինչը ջրազրկման պայմաններում կհանգեցնի ինֆարկտի: Տանից խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալիս անպայման պետք է կրել գլխարկ, հովանոց, քայլել ծառերի ստվերի տակով:

Սրտաբանի խոսքով՝ սրտային հիվանդություն ունեցողներն այս եղանակին անպայման պետք է դիմեն բժշկի հետևյալ ախտանշանների դեպքում՝ շնչարգելություն, գլխապտույտ, խոսակցական որոշ խանգարումներ, ցավ կրծքավանդակում:

Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է ﬕնչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը