«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքն արժևորում է Արցախյան պատերազմում առաջին գիծը նկարահանած տղաների վավերագրությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը կնպաստի Արցախյան պատերազմի և մեր հերոսականության մեկ անգամ ևս արժևորմանը: Այն նաև ի հայտ է բերում առաջին գծում նկարահանումներ կատարած 34 տղաների ազգանվեր գործը: Գիրքը նվիրված է ՀՀ անկախության և զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Զետեղված են հարցազրույցներ 34 անձանց հետ, ովքեր 1991-1994 թթ. եղել են ճակատում և վավերացրել Արցախյան պատերազմի տարեգրությունը: Ներառված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նկարահանումների ընտրանին՝ երկու սկավառակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ գրքի շնորհանդեսը:

«Սա սովորական գիրք չէ, այլ պատմություն է, որը պետք է փոխանցվի մեր սերունդներին: Վավերագրողներն իրենց կյանքը վտանգելու, զոհաբերելու գնով վավերացրել և պատմություն են դարձրել այն, ինչ բարբարոսաբար կատարվել էր: Վավերագրողների աշխատանքն էլ վավերացրեցին Անահիտ Հարությունյանն ու Ռուզաննա Բագրատունյանը: Երբ առաջարկեցին նման գիրք ստեղծել, գաղափարը թվաց անիրատեսական, քանի որ մտավախություն ունեինք, որ բոլորին չէինք կարող ներգրավել, բայց տարիներ շարունակ փորձեցինք ու գտանք գրեթե բոլորին»,-ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գիրքը կազմողներից Անահիտ Հարությունյանի խոսքով՝ «Պատերազմի վավերագրողները» խորագրով շարքը սկսել էին դեռ 2012-ից kinoashkharh.am-ում: Սակայն հարցումների արդյունքում հասկացել էին, որ ռազմաճակատի առաջին գծում նկարող տղաներին ոչ ոք չի ճանաչում, և նախաձեռնեցին ամբողջացնել և հրատարակել գիրքը: «Մի գրքում ներկայացրեցինք 34-ին: Ոմանց մասին այլ տղաների հետ զրուցելիս ենք իմացել, որոնց հետո գտել են Հայաստանից դուրս: Այնուամենայնիվ, ցանկն ամբողջական չէ, և, հավանաբար, կան նաև չընդգրկվածներ»,-ասաց Ռուզաննա Բագրատունյանն ու հույս հայտնեց, որ հետագայում կընգրկվեն նոր անուններ, և գիրքը կվերահրատարակվի:

Ռոմիկ Խաչատրյանը գրքում ընդգրկված օպերատորներից է, ով կամավոր էր գնացել ռազմաճակատ՝ նկարահանումների: «Իմ նպատակն էր ներկայացնել ճակատն ու ֆիլմ ունենալ դրա մասին: Այդ առիթով՝ իմ այդ շրջանի 5-6 ֆիլմերից մեկը կոչվում է հենց «Առաջին ճակատ»: Մենք այդ տարիներին ապահովում էինք առաջին գծի լրատվությունը, միևնույն ժամանակ ստեղծում էինք վավերագրական ֆիլմեր»,-ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իր փոքր երազանքն է եղել պատերազմի բոլոր վավերագրողների աշխատանքը հավաքել մի տեղ: «Գիրքը կազմողները, Ազգային կինոկենտրոնը մեծ երազանք իրականացրեցին: Ինձ համար՝ որպես զինվորականի, չափազանց կարևոր, բարձր մի նշաձող սահմանեցին»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութերի հավաքմանն աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնը: Գիրքը հրատարակության են պատրաստել «Հոգևոր Հայաստան» մշակութային կազմակերպությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից