Մշակույթ

Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և կինոցուցադրություններով

2 րոպեի ընթերցում

Երևանում ամառը հագեցած կլինի հետաքրքիր ու բազմաոճ բացօթյա համերգներով և կինոցուցադրություններով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանյան ամառը երաժշտական բոլոր ուղղությունների սիրահարներին հնարավորություն կտա բաց երկնքի տակ ունկնդրել իրենց սիրած երաժշտությունը և դիտել իրենց նախընտրած կինոնկարները: Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկաԛ» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Այս խելահեղ նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցներին: Ամառային, գունեղ ծրագիր է սպասում բոլորիս: Ընդգծեմ, որ բավականին ծախսատար միջոցառում է, սակայն մեզ օգնում են մեր աջակիցները, որոնց թիվը, հուսամ, կմեծանա: Սա արվում է քաղաքի կյանքը տոն դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի հեղինակ Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքով` նախաձեռնության նպատակը քաղաքի երաժշտական ճաշակը փոխելն է: «Համերգներին հնչելու են ռոք, փոփ, ջազ, ֆոլկ: Ցուցադրվելու են այն կինոնկարները, որոնք մեծ ջանքերով նկարահանվել են տարվա ընթացքում: Ուզում ենք դրանք հասանելի դարձնել հանրության լայն շրջանակին»,-ասաց նա:

Շողակաթը հավելեց, որ սա վարակիչ նախաձեռնություն է, որը դուր է գալիս բոլորին, և իրենք ձգտում են շաբաթ, կիրակի օրերը հետաքրքիր անցկացնելու մշակույթ ձևավորել:

Համերգները տեղի կունենան Կասկադի հարակից տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի մոտ, իսկ կինոցուցադրություններ կկազմակերպվեն Սիրահարների, Թումոյի այգիներում, Գայի արձանի հարակից տարածքում:

Նախաձեռնության նպատակներից մեկը մեր ժամանակներում գործող երաժշտական խմբերին ներկայացնելը, նրանց ստեղծած մշակութային արժեքները հասանելի դարձնելն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում