Կայացել է «Եվրատեսիլ»-ում հայաստանյան «Fly with me» երգի պրեմիերան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. ««Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ «Fly with me» երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:

Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը:

Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը:

Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը, ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս համար:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը:

Տեսահոլովակի բեմադրող օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարսահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Հայերեն العربية Русский

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս