ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դիմումով Հայաստանում ՌԴ քաղաքացու ձերբակալումը միջազգային նորմերի խախտում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Դա չի խոսում Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կարգավորման օգտին»,- ասել է Զախարովան:
Օգոստոսի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:
Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը: Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: